Անկախության հռչակումից հետո անցել է քսան տարի, փոխվել է վիճակը տարածաշրջանում, փոխվել է աշխարհը, շատ է փոխվել նաև Հայաստան պետությունը: Այն, ինչ ներելի էր և միգուցե օրինաչափ անկախության առաջին տարիներին, այժմ անհանդուրժելի է և պետք է բացառվի: Այս մասին երեկ Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ղեկավարության ընդլայնված կազմով նիստում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Այսօր պետք է հստակ պայմանավորվենք, որ այսուհետ զրոյական հանդուրժողականություն պետք է ցուցաբերենք մեր այն գործընկերների նկատմամբ, ովքեր բավարար ուշադիր չեն Հայաստանի Հանրապետության անվտանգության և պաշտպանության խնդիրներին: Զրոյական հանդուրժողականություն պետք է ցուցաբերենք այն մարդկանց նկատմամբ, ովքեր պախարակում և վարկաբեկում են զինված ուժերի պատիվն ու համբավը: Զրոյական հանդուրժողականություն պետք է ցուցաբերենք այն մարդկանց նկատմամբ, ովքեր փորձում են ամեն գնով խուսափել զինվորական ծառայությունից կամ ոչ պատշաճ ձևով կատարել այդ ծառայությունը: Զրոյական հանդուրժողականություն այն զինվորականների նկատմամբ, ովքեր ուսադիրներն ու համազգեստն օգտագործում են սեփական շահի համար կամ որևէ այլ կերպ ստվերում են սպայական պատիվը:
Այնպես ստացվեց, որ անկախության առաջին իսկ տարիներից բանակը հատուկ տեղ զբաղեցրեց մեր հասարակության կյանքում: Պատերազմ էր, որի շունչը զգացվում էր Հայաստանի ողջ տարածքում` մի տեղ ավել, մի տեղ պակաս: Այդ տարիներին յուրաքանչյուր ընտանիք ուներ մոտիկ կամ հեռավոր ազգական Հայոց բանակում: Եվ բանակը յուրաքանչյուր մարդու սրտում էր: Այդ զգացումը առավել ամրապնդվեց, երբ մեր բանակը տարավ այնքան անհրաժեշտ, կենսական հաղթանակ:
Քսան տարի անց ունենք բանակի հանդեպ այդ սերն ու հարգանքը մեր հասարակության ինստիտուցիոնալ հիշողության մեջ մեկընդմիշտ ամրագրելու անհրաժեշտություն: Այսինքն, պետք է այնպես անենք, որ զինված ուժերի նկատմամբ հասարակության լայն խավերի վերաբերմունքը մշտապես լինի ընդգծված դրական: Այդ խնդրի լուծմանը պետք է հասնենք և՛ բանակում տեսանելի լուրջ բարեփոխումներ իրականացնելով, և՛ տեղեկատվական աշխատանքի որակը բարձրացնելով, և՛ բանակին վերաբերող հարցերում հանրային ճիշտ վարքագծի ձևավորմանը միտված ամենօրյա ջանքերով», – Սերժ Սարգսյանի խոսքերը փոխանցում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը: