«Ղարաբաղցի» և «հայաստանցի» հասկացությանը, որ ժամանակին հայաստանյան իրականության մեջ եղած խնդիրներից էր, վերջ է դրվել. գործող նախագահն այդ խնդրի լուծումը միանգամից տվել է, ու տվյալ ժամանակաշրջանում այդ խնդիրը չկա: Խոսելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ով նշել է, թե չի էլ պատրաստվում մեկնաբանել երկրորդ նախագահի հարցազրույցի որոշ դրվագներ՝ մասնավորապես՝ «պայքարը երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների միջև համար անընդունելի լինելու մասին»:
«Նախորդ նախագահների խոսքը և լուսաբանելն է դժվար, և գնահատելը: Նախկին նախագահների խոսքը հարգանքի է արժանի: Քոչարյանը տրամաբանորեն բացատրել է՝ ինչու չի մասնակցել նախագահական գործընթացներին», – ասել է խմբակցության ղեկավարը:
Նա նաև խորհուրդ է տվել հարգանքով ընդունել երկրորդ նախագահի հայտարարությունը՝ ընդգծելով, նույն հարգանքը վերաբերում է նաև առաջին նախագահին:
«Նախագահական ինստիտուտն ինձ համար բավական լուրջ երաշխիքներ է առաջացնում հետագա Հայաստանի ճակատագրի համար, այնպես որ, այնքան խնդիրներ ու հարցեր կան այս պարագայում, իսկ դուք ինչ-որ մի բան եք գտել ու ուզում եք քաղաքական ինտրիգի վերածել»,- ասել է Սահակյանը:
2013 թվականի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրած թեկնածուներին ՀՀԿ-ական պատգամավորը արժանավոր թեկնածուներ է համարում:
«Դա ճաշակի հարց չէ, հասարակությունն ինքն է առավելություն տալիս այս կամ այն գործչին: ՀՀԿ-ում շատ անհանգիստ տրամադրություն է այն առումով, որովհետև մենք մեր առջև խնդիր ենք դրել ոչ միայն արդյունքների առումով, այլ արդյունավետության. և մասնակցություն, և թերությունների վերացում, և այն խոսակցությունները, որ ընտրություններից հետո տեղի են ունենում, ստեղծվի էնպիսի դաշտ, որպեզի դրանք ճիշտ գնահատականներ ստանան», – ասել է Սահակյանը:
Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն իր ուժերի ներածին չափով անելու է շատ հանգիստ, բաց, թափանցիկ ընտրություններ:
Հարցին, թե ինչպես է վերաբերվում թեկնածուներից մեկի՝ Անդրեաս Ղուկասյանի՝ հացադուլի մասին հայտարարությանը, Սահակյանը պատասխանել է.
«Չեմ ճանաչում, չգիտեմ՝ ինչ արժեհամակարգի տեր անձավորություն է, ու, չիմանալով հացադուլի պատճառները, վերլուծել չեմ կարող», – ասել է Սահակյանը: