Այսօր «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետևանքով տուժած կապիտան Հուսիկ Ստեփանյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր: Այս մասին հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը: ՊՆ-ից տեղեկացնում են, որ փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 377 հոդ. 2-րդ մասով (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ այսօր, ժամը 15.30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, վարորդ, շարքային Արթուր Գևորգյանն իրեն ամրակցված «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոմայրուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով Ա.Գևորգյանը տեղում մահացել է, իսկ կապիտան Հուսիկ Ստեփանյանը ստացել է մարմնական վնասվածքներ: Վերջինս գտնվում է Վայքի հիվանդանոցում: