Ղարաբաղյան շարժումը այն է, ինչը մեզ հուշելու է դեպի ապագա տանող ուղին, ինչը 25 տարի առաջ մենք կորցրել ենք և այսօր էլ դեգերում ենք՝ փորձելով հասկանալ՝ ու՞ր գնալ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է քաղաքական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
«Հասկանում ենք, որ ամեն ինչը վատ է. հսկայական խմբերով լքում ենք երկիրը, որովհետև շեղված է, խեղված է երկիրը: Հասկանալը, թե ի՞նչ կյանքով պիտի ապրենք, այդ ճանապարհը, որով պետք է քայլենք, մեր ժողովուրդը գտել է 25 տարի առաջ: Հիմա ուղղակի պետք է վերհիշենք ոչ թե նույնը կրկնելու, այլև շատ ավելի կատարյալ ու կազմակերպված ձևով ընթանալու համար», – ասել է Մանուչարյանը:
Բանախոսի հավաստմամաբ՝ ղարաբաղյան շարժման տարիներին ոչ զարմանալի մարդ չկար, բոլորը զարմանալի մարդիկ էին ու այսօրվա ապրողն այն ժամանակվա մարդու հետ որևէ կապ չունի, բացի, միգուցե՝ արտաքին տեսքից:
«Ոչ թե պետք է մտածել, որ այն օրվա մարդը կեղծ էր, այսօր է այդ մարդը կեղծ, նա շեղվել է իր իրական մարդկային էությունից: Այսօրվա մարդն այն օրվա մարդուն նայում է այն աչքերով, ինչպիսին ինքն այսօր է: Այսօրվա աշխարհը գիշատիչ մարդու աշխարհ է՝ գող, ավազակ, հրմշտող, իրենը պոկող ու այսօրվա մարդուն թվում է, թե այն տարիներին էլ մարդը այդպիսին է եղել, մինչդեռ այն ժամանակ թե մարդը, թե երկիրը, թե հասարակությունը լրիվ ուրիշ են եղել. այն ժամանակվա մարդը տնից ամեն ինչը տանում էր դեպի աշխարհ, որովհետև ինքը աշխարհ էր հաստատում, իսկ այսօր մարդը ամեն ինչ փախցնում-տանում է տուն. ինքն է, իր ես-ը ու իր աշխարհը»,-նշել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամը:
Բանախոսն ընդգծել է նաև, որ շարժման տարիներին մարդն ապրում էր հանուն բարձր գաղափարների ու հանուն աշխարհի, մինչդեռ այսօրվանը հակառակն է՝ առաջնորդվում է ամենանվաստ գաղափարներով ու աշխարհը նրան չի հետաքրքրում: