Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին նյարդայնացել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության լրագրողի հարցից: Lրագրողը հարցրել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իվանիշվիլիին Վրաստանի ԱԳ նախարարի խոսքերից հետո բարձրացած աղմուկի մասին:
Հիշեցնենք, որ Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն հունվարի 10-ին Լիտվայում հայտարարել էր, որ ինքը «հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Դրանից հետո ադրբեջանական ԶԼՄ-ները լուրեր էին տարածել, թե Փանջիկիձեն դա ասել է ԼՂ հակամարտության համատեքստում: Հետագայում Վրաստանի ԱԳ նախարարությունը հայտարարությայամբ էր հանդես եկել՝ նշելով, որ նախարարը ԼՂՀ-ի մասին ոչինչ չի ասել:
Լսելով հարցը՝ Բիձինա Իվանիշվիլին զայրացած ասել է լրագրողին, որ հարցը սպառված է:
«Ամեն ինչ պարզ է, մանավանդ ձեր հեռուստաընկերությունն արդեն խոսել է այդ մասին, ասել են արդեն, որ այդ հարցն աղավաղված է: Ամենամեծ ակտիվությունը ցույց տվեց հենց ձեր՝ «Ռուսթավի 2» ընկերությունը: Հետո դուք էլ նշել էիք, որ հարցը սպառված է: Ինձ հետաքրքիր է, թե ինչու նորից այդ հարցը բարձրացվեց»,- ասել է Վրաստանի վարչապետը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով նույն թեմային, շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետին և վրաստանցի գործընկերներին, քանի որ նրանք ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հավասարակշռված դիրքորոշում ունեն:
«Եվ հատկապես ուզում եմ նշել՝ գաղտնիք չէ, որ շատ հաճախ այս կամ այն հայտարարությունները, որ արվում են ԼՂ կարգավորման շուրջ, աղավաղվում են: Եվ մենք շնորհակալ ենք մեր վրացի գործընկերներին, որ նրանք այդպիսի աղավաղման դեպքում օպերատիվ արձագանքեցին, որպեսզի չլինեն այնպիսի մեկնաբանություններ, որ չեն համապատասխանում Վրաստանի կառավարության դիրքորոշման հետ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Ի հավելումն՝ Բիձինա Իվանիշվիլին նշել է, որ Ադրբեջան կատարած այցի ժամանակ խոսել է ղարաբաղյան հիմնախնդրի մասին:
«Իմ դիրքորոշումը ես փոխանցեցի վարչապետ Տիգրան Սարգսյանին: Ես խոսել եմ պարոն վարչապետի հետ, մանրամասնորեն չեմ ուզում խոսել այդ հարցի մասին: Ուզում եմ ասել, որ հարցը իրոք շատ ծանր է և, ինչպես երևում է, ապագայում շատ ծանր է լինելու այս հարցի որոշումը: Իմ ցանկությունն է, որ այս հարցն անպայման խաղաղ ճանապարհով կարգավորվի: Ես ցանկանում եմ, որ երկու պետությունները բոլոր հնրավորությունները գտնեն այդ հարցը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար»,- ասել է Իվանիշվիլին: