ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը երեկ կրկին ընդունել է ստոմատոլոգիական կլինիկաների և ատամնատեխնիկական անկախ լաբորատորիաների մի խումբ ղեկավարների:
Նախարարության կայքի համաձայն, Դումանյանը նշել է, որ նախորդ հանդիպման ընթացքում «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների հետ կապված նրանց կողմից բարձրացված որոշ խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։
Մասնավորապես, խնդրին առնչվող գերատեսչությունների հետ ընթացող քննարկումների ժամանակ նախարարությունը պարզաբանում է, որ օրենքի քննարկման ընթացքում կատարված փոփոխությունների արդյունքում մասնագիտական որոշ մոտեցումներ հաշվի չեն առնվել։ Կլինիկաների և անկախ լաբորատորիաների ղեկավարներն իրենց մտահոգող խնդիրների լուծման ուղղությամբ այս անգամ առավել կոնկրետ առաջարկներ են ներկայացրել։
Դերենիկ Դումանյանը տեղեկացրել է, որ նախարարության մասնագետներն արդեն հանդիպումներ և նախնական քննարկումներ են ունեցել լիազոր այլ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ և խոստացել է, որ այդ առաջարկները ևս կվերլուծվեն նախարարության մասնագետների կողմից և համապատասխան հիմնավորումներով կներկայացվեն պատկան մարմիններին։
Նա առաջարկել է մի քանի օրից կրկին հանդիպել` ամփոփելու արդյունքները։
Հիշեցնենք, որ ատամնաբույժների դժգոհությունն է առաջացրել հարկերի ավելացման մասին օրենքը, համաձայն որի ատամնաբուժական յուրաքանչյուր բոռ-մեքենայի համար պետք է վճարվի ամսական 80 հազար դրամ: