«Նախագահական ընտրություններ» ու «մրցակցային» բառերը մասնագիտական բառեր են կողոպուտի աշխարհում, որովհետև այսօրվա աշխարհում ընտրություն չկա. մարդիկ գնում են՝ Եվրոպայում կատարում են այն, ինչ մեզ մոտ անվանում են ընտրություն, և տառացիորեն ընտրության հաջորդ օրը դուրս են գալիս և բողոքում են, թե այս ի՞նչ խայտառակ նախագահ է, բայց նախագահը ընդամենը կառավարիչն է «համաշխարհային կողոպուտի համակարգի ղեկավարների»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է քաղաքական գործիչ, նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
«Ցանկացած նախագահ այդ կողոպուտի համակարգում ոչինչ չի փոխում. կողոպուտի աշխարհը հետևյալն է՝ ամեն մարդ պետք է հարստություն դիզի: Այս համակարգը ինձ բացատրել է «Բուտիրկայում» այն ժամանակվա ռուս կրիմինալը. նա առավել անկեղծ էր, քան նախագահները, միջազգային կառույցի ղեկավարները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարները և այլն, ու այդ տղաները ինձ անկեղծ բացատրեցին, երբ հայտնվեցի «Բուտիրկայում»: Նրանք ասացին, որ Աստված աշխարհը ստեղծել է երեք կատեգորիայի մարդկանցից, առաջինը՝ «բիդլո», հայերեն՝ լծան եզ, սա ժողովրդական այն հատվածն է, որը պետք է աշխատի իր քրտինքով ու բարիքներ ստեղծի, երկրորդ տեսակը՝ «լոխերն են», հայերեն թարգմանած՝ օլիգարխիա, պետական գործիչներ, ում խնդիրն է կողոպտել այդ «բիդլո»-ին և փողը կենտրոնացնել իրենց ձեռքում: Երրորդ տեսակը՝ մարդիկ են՝ բանտում, խցում գտնվող գողերը, մարդասպանները, ավազակները, որոնք էլ այդ հարստությունը պետք է վերցնեն ու վայելեն», – ասել է Մանուչարյանը:
Նա նշել է, որ այսօր քաղաքական գործիչները, նախարարները, օլիգարխները, ըստ ռուսական տերմինոլոգիայի, պատկանում են երկրորդ կատեգորիային՝ «լոխերի» համակարգին:
«Նրանք պետք է կենտրոնացնեն հարստությունն ու հանձնեն համաշխարհային օլիգարխիային. ճիշտ է՝ ռուս քրեական կրիմինալը «ղայդին» տղերք են ու թույլ չեն տա, որպեզի ամերիկացի, անգլիացի, իսրայելցի և այլն, որ ինչ-որ խորամանկ մարդիկ լինեն աշխարհում, ի դեպ՝ նրանք հո Ծառուկյան չեն, որ օլիգարխի բիցեպսները կպցնեն ու ման գան: Նրանք համեստ, նիհար, չերևացող մարդիկ են, ու աշխարհի ամբողջ կապիտալը նրանց ձեռքում է: Նրանք են աշխարհի տիրակալը, նրանք են ոչնչացնում Լիբիան, սպանում 100 հազարավոր երեխաների և այլն, որ պահպանեն փողի համակարգը»,- ասել է Մանուչարյանը:
Բանախոսի հավաստմամբ՝ հայկական «լոխերը» համաշխարհային «լոխերից» տարբերվում են մի բանով՝ նրանց ամեն մեկի մեջ քնած է ամբողջագետը:
«Ուղղակի քնել է, 25 տարի առաջ արթնացան մի րոպե ու նորից քնեցին: Թե իրենից ի՞նչ է ներկայացնում հայ մարդը, ամբողջագետը արթնացած վիճակում, շատ կարևոր վերծանելու խնդիր է, շատ կարևոր հենց այն իմաստով, որը փնտրում եք՝ տալով հարցեր այդ երեք կատեգորիաների մասին՝ նախագահ, ընտրություն, մրցակցություն», – եզրափակել է քաղաքական գործիչը:
Մանուչարյանը վստահեցրել է, որ այժմ Հայաստանը մտնում է շատ արագ փոփոխությունների շրջան:
«5-6 տարի ամբողջ մոլորակով ընթանալու են այդ փոփոխությունները, այն ինչ կա, դիտարկվելու է որպես անընդունելի և քանդվելու է ու ստաղծվելու է նոր աշխարհ», -եզրափակել է Ղարաբաղ կոմիտեի անդամը: