Հայ Ազգային Կոնգրեսի մաս կազմող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը վերջին շրջանում անում է իրարամերժ և իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ, որոնք հակասում են ժամանակին կուսակցության որոշումներով հաստատված և անձամբ իր կողմից իրականացրած «կուրսին»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ժողովրդավարական հայրենիք»-ի փոխնախագահ Ղուկաս Մեհրաբյանը:
Մակեյանը համարում է, որ Կոնգրեսը չորս սխալ է գործել, երբ
ա) 2011 թ. ամռանը երկխոսության է գնացել իշխանության հետ,
բ) համագործակցության եզրեր է փնտրել ընդդիմադիր համարվող կամ ոչ իշխանական դիրքերից հանդես եկող ԲՀԿ-ի եւ այլ ուժերի հետ,
գ) մասնակցել է 2012թ. մայիսի խորհրդարանական ընտրություններին,
դ) որոշել է թեկնածու չառաջադրել առաջիկա նախագահական ընտրություններում և չպաշտպանել ոչ մի այլ թեկնածուի։
Այս կապակցությամբ Մեհրաբյանը գրել է հետևյալը.
«ա) Իշխանության հետ երկխոսության գնալու քայլը հավանության է արժանացել մեր կուսակցությունում, իսկ Կոնգրեսի քաղխորհրդի նույն որոշումը ստորագրել է անձամբ Պ. Մակեյանը։ Քաղխորհրդի նույն նիստում Պ. Մակեյանի ներկայությամբ և համաձայնությամբ որոշվել է նաև Կոնգրեսի պատվիրակության կազմը։
բ) Ինչպես ընդունված է ասել՝ «քաղաքագիտական վերլուծության», այլ խոսքով՝ ընդդիմադիր կամ ոչ իշխանական դիրքերց հանդես եկող կուսակցությունների, մասնավորապես՝ ԲՀԿ-ի հետ համագործակցության հարցը նույնպես քննարկվել է Կոնգրեսի քաղխորհրդում և որոշում է կայացվել այդ հարցը վստահել Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Այս որոշումը ևս ստորագրվել է անձամբ Պ. Մակեյանի կողմից:
գ) «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը՝ ի թիվս Կոնգրեսի այլ կուսակցությունների, 2012թ. սկզբին նույնպես որոշում է ընդունել մասնակցել ԱԺ ընտրություններին, իսկ մարտ ամսին Պետրոս Մակեյանը ստորագրել է այն փաստաթուղթը, որով «Հայ Ազգայն Կոնգրես» դաշինքի մեջ մտնող կուսակցությունները նախընտրական ցուցակի կազմումը վստահել են Կոնգրեսի առաջնորդին։ Պետրոս Մակեյանը եղել է նախընտրական այդ ցուցակի 18-րդ համարը, ինչպես նաև 36-րդ ընտրատարածքում որպես Կոնգրեսի մեծամասնական թեկնածու մասնակցել է ընտրությանը։ ԺՀԿ-ն Կոնգրեսի նախընտրական ցուցակում ունեցել է ևս մոտ մեկ տասնյակ թեկնածուներ, ունեցել է նաև մեծամասնականով առաջադրված մեկ այլ թեկնածու Մեծամորում։
դ) Վերջին՝ նախագահական ընտրություններում թեկնածու չառաջադրելու և որևէ թեկնածուի չպաշտպանելու հարցի քննարկմանը Կոնգրեսի քաղխորհրդի նիստին մասնակցել եմ ես՝ ինչպես միշտ նման դեպքերում ունենալով տեղում որոշում կայացնելու լիազորություն։ Այդ լիազորությամբ ես ԺՀԿ-ի անունից ստորագրել եմ այդ որոշումը»:
Ըստ Մեհրաբյանի՝ այս ամենից հետո անհասկանալի են մնում Պետրոս Մակեյանի կողմից Հայ Ազգային Կոնգրեսի դեմ հարուցած հրապարակային մեղադրանքներն այն հարցերում, որոնք ակտիվորեն պաշտպանել և իր մասնակցությունն է բերել անձամբ ինքը և Ժողովրդավարական հայրենիք կուսակցությունը։
«Առավել ևս, երբ 2012թ. դեկտեմբերի 25-ի ԺՀԿ քաղխորհրդում, որևէ քննարկում չի եղել նախագահական ընտրություններին ՀԱԿ-ի մասնակցության կամ հրաժարվելու վերաբերյալ»,- այսպես է ամփոփել իր հայտարարությունը Ղուկաս Մեհրաբյանը:
Պետրոս Մակեյանը Epress.am-ի հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել Մեհրաբյանիի հայտարարությունը:
«Ես չեմ մեկնաբանի մի մարդու, ով չգիտի՝ ինչ է ուզում, և իրեն վեր է դասում քաղխորհրդից: Ես կարծում էի, որ նա մտավորական է, բայց պարզվում է, որ նա այդ որակներն էլ չունի»,- ասել է Մակեյանը:
Լուսանկարը՝ Ղուկաս Մեհրաբյանի ֆեյսբուքյան էջից