ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամաններով ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արամ Խաչատրյանի նկատմամբ կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժ, իսկ նույն հիմնարկի օպերատիվ բաժնի պետ Կարեն Կիրակոսյանի նկատմամբ` ծառայությունից ազատում կարգապահական տույժը: Այս մասին հաղորդում է ԱՆ մամլո ծառայությունը:
Արամ Խաչատրյանի նկատմամբ նման կարգապահական տույժի կիրառումը պայմանավորված է Խաչատրյանի կողմից ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելով, ինչպես նաև ծառայողական լիազորությունները վերազանցելով: Իսկ Կարեն Կիրակոսյանի նկատմամբ կիրառված այս տույժի համար հիմք են հանդիսացել ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելը: Այս հրամաներն ուժի մեջ են մտել ստորագրման պահից։
Միաժամանակ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում անցկացված ծառայողական քննության արդյունքներով ներկայացված եզրակացությունը, ցուցում է տվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Հ. Հարությունյանին՝ քննարկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռաֆայել Սերգեյի Միքայելյանին, անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալ Կարեն Հենրիկի Միրզոյանին, հերթապահ խմբի պատասխանատու հերթապահ Սմբատ Հենրիկի Հակոբյանին և անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ Նորայր Գարիկի Մկրտչյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերն ու արդյունքների մասին 5-օրյա ժամկետում զեկուցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին։