2003թ. Մատաղիսի զորամասում 2 ժամկետային զինծառայողի սպանության մեջ մեղադրվող Արայիկ Զալյանը, ում Շիրակի ընդհանուր իրավասության դատարանն անմեղ ճանաչեց 2012թ. դեկտեմբերի 18-ին, Lorinews.com կայքին պատմել է, թե ինչպես է տեղի ունեցել իր և գործով երկու այլ մեղադրյալների՝ Ռազմիկ Սարգսյանի և Մուսա Սերոբյանի ձերբակալությունը.
«Մարտական հենակետում էինք: Զորամասից զանգեցին, ասացին՝ ձեր ծնողները տեսնելու են եկել: Իջանք զորամաս. ոչ թե ծնողները դիմավորեցին, այլ ռազմական ոստիկանության աշխատակիցները, ու սկսեցին ծեծել: Բերեցին Երևանի ռազմական ոստիկանություն: 3 ամիս պահեցին այդտեղ, հետո տեղափոխեցին Սովետաշենի քրեակատարողական հիմնարկ: Հիմնականում սա էր իրենց վարկածը. մենք ինքնակամ լքել էինք զորամասը (սամավոլկա), գնացել էինք հանձունք (տուլիկ) վերցնելու: Ճանապարհին բացել էինք, տուլիկի միջից ծրար էր ընկել: Ծրարի ընկած տեղում մի կիսաքանդ շինություն կար, կողքը՝ ջրանցք: Ջրանցքի մեջ գտել էին մահացած զինվորներին: Ասում էին՝ եթե այդտեղով անցել եք այդ օրը, ուրեմն կա՛մ տեսել եք, կա՛մ դուք եք: Ես օրը չեմ հիշում, չեմ կարող ասել ՝ այդ կողմով որ օրն եմ անցել: Իրենք ասում էին, որ դեկտեմբերի 24-ին է եղել: Այդպես տարիներ պահանջվեց ապացուցելու, որ դրա հետ ընդհանրապես կապ չունենք, չնայած իրենք դա շատ լավ գիտեն, որովհետև իրենց մեղադրանքը կառուցված էր մի ցուցմունքի հիման վրա, որը ձեռք էին բերել խոշտանգումներով: Ամենասկզբից, երբ մեզ զորամասից տեղափոխում էին, սկսեցին մեզ ծեծել՝ կա՛մ վիզ վերցրեք, կա՛մ ասեք՝ ով է: Դա էր իրենց ուզածը: Երեքիցս մեկը՝ գյումրեցի Ռազմիկ Սարգսյանը, ցուցմունք էր տվել՝ քննիչների կողմից թելադրված, որ մենք ենք կատարել սպանությունները: Ուրիշ ապացույց չունեն, մենակ Ռազմիկ Սարգսյանի ցուցմունքն է, որը գործի նյութերի հետ համեմատելիս փաստերը չեն համընկնում, որովհետև նա անտեղյակ էր. թելադրել են գրել է: Օրինակ՝ ցուցմունքում գրված է, որ մահացածները ակցենտով չէին խոսում, բայց մեկը թալինցի է: Մենք չենք ճանաչել այդ տղերքին. մեծ զորամաս էր, մենք երրորդ գումարտակում էինք, նրանք՝ չորրորդ: Պատկերացնո՞ւմ ես՝ ինչ խայտառակ պատմություն է»:
Արայիկ Զալյանը նաև պատմել է, որ մինչև ցմահ դատապարտվելն առիթ ունեցել էր ցմահ դատապարտյալների հետ շփվելու. «Տղերք կային՝ նստած էին 15 տարի, 16 տարի: Գիտեի, որ դրանից հետո էլ տարբերակ չկա: Էլ ի՞նչ պետք է մտածեի»:
Իր՝ ազատության մեջ հայտնվելը, Զալյանի խոսքով, առաջին հերթին, ընտանիքի շնորհիվ է:
«Ես չէի կարող գտնել Զարուհի Փոստանջյանին, իմ կողքին ունենայի Արթուր Սաքունցին: Դա իմ ընտանիքն է արել: Ամենասկզբից փաստաբանը Զարուհի Փոստանջյանն էր: Նա որպես փաստաբան եկավ, հետո սկսեց որպես մարդ այդ գործով զբաղվել, հասկացավ, որ երեք անմեղ երիտասարդ է դատվում: Հետո հասարակական կազմակերպություններ մեզ միացան, ակտիվիստներ, լրագրողներ, ովքեր ուզում էին արդարություն լինի, ոչ թե ինքնադատաստան: Վերաքննիչի դատավորը՝ Աղրամանյան Մհերը, ասում էր՝ ես Պինոչետն եմ, ինչ ուզում եմ, անում եմ, ու անում էր այն, ինչ ասում էր զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը: Ուղղակի ուզում էին ինչ-որ բան փոխել: Այդ ամենին նպաստեցին հացադուլները: Երբ հացադուլի մեջ էի, ինձ մոտ շատ հկ-ներից էին գալիս, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից , դատախազությունից: Աղմուկն ահագին դեր ունեցավ», – ասել է նախկին դատապարտյալը:
Նշենք, որ Արային Զալյանն այժմ աշխատում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում որպես իրավաբան, իրավախորհրդատու:
Լուսանկարը՝ Lorinews.com-ի