Ընտրություններին չմասնակցելով և տանը նստելով՝ մարդ նպաստելու է Հայաստանում տիրող իրավիճակի շարունակմանը, և չմասնակցողները թող հետո չբողքեն, խավարը չանիծեն, քանի որ իրենք էլ նպաստած կլինեն երկիրը փրկելու հնարավորության նվազմանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա կարծիք է հայտնել, որ խորհրդարանական երեք ուժերի՝ ընտրություններին չմասնակցելու որոշումը հակաքաղաքական է, եթե նրանք ընդամենը 8 ամիս առաջ մասնակցել են նույն իրավիճակում անցկացված այլ՝ խորհրդարանական ընտրությունների, մինչդեռ դաշտը չէր կարող միանգամից անմրցակցային դառնալ:
Հովհաննիսյանի խոսքով՝ որոշ մարդիկ պարզապես վախեցել են իրենց կարծիքը հայտնելուց, պարտվելուց, նույնիսկ հաղթելուց:
Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձել է նաև այլ թեկնածուների հրապարակած կոչներին՝ չբացառելով, որ պատրաստ է ամեն զինամիջոցի դիմել, որը կօգնի փոփոխության հասնել, չի ընդունել, սակայն, Անրդեաս Ղուկասյանի առաջարկը՝ միասնական հանել բոլոր առաջադրումները և գործող նախագահին պայքարում թողնել մենակ: Թեկնածուի՝ հացադուլ հայտարարելու պարտաստակամությունը հարգելով՝ Հովհաննիսյանը հավելել է. «Հացադուլն իմ համար պրոբլեմ չէ: Բայց ես կոչ կանեի, որ պետք չէ դիմել այդ քայլին»:
Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ հանդիպումներ է ունենալու այլ ընդդիմադիր թեկնածուների հետ, և երկրորդ փուլի դեպքում՝ հավանական է համարում համագործակցությունը, սակայն այս փուլում միասնական թեկնածու ունենալու Պարույր Հայրիկյանի առաջարկը իրատեսական չի համարել:
«Ժառանգության» առաջնորդը վերահաստատել է նաև իր կոչը Սերժ Սարգսյանին՝ բոլոր պետական կառույցներից վերացնել կուսակցական քարոզը և չահաբեկել քաղաքացիներին՝ նկարել նրանց, երբ վերջիններս հանդիպում են իր կամ այլ ընդդիմադիրների հետ: Այդ երկու քայլերի համար քաղաքական կամք դրսևորելու դեպքում, Հովհաննիսյանի կարծիքով, ընտրությունները կանցնեն մրցակցային պայմաններում:
Նշենք, որ Հովհաննիսյանի քարոզարշավը մեկնարկելու է հունվարի 21-ին՝ ժամը 12.00-ին, Ազատության հրապարակում: