Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը համաձայն չէ 2013 թվականի հունվարի 17-ին ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի կողմից ներկայացված վիճակագրական տվյալների հետ: Հիշեցնենք, որ երեկ մամուլի ասուլիսի ընթացքում Կոստանյանը ներկայացրել է 2012 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը՝ նշելով, որ 2011 թվականին արձանագրվել է մահվան ելքով դեպքերի կտրուկ նվազում՝ հանցագործության 29 դեպք, որից 9-ը հակառակորդի կողմից կատարված:
«Հերթական անգամ տոկոսային ցուցանիշներով փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե զինվորական հանցագործությունները 2012 թ-ին նվազել են: Նման տրամաբանությամբ «հնգամյա պլանը» կարող են գերակատարել և զինված ուժերում այլևս որևէ հանցագործություն չի լինելու, որպեսզի բացահայտեն:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը արձանագրում է.
Զինված ուժերում 2012 թ-ին մահացությունների թիվը 2011 թ-ի համեմատ չեն նվազել, ցավոք, աճել են /2012 թ-ին՝ 48, իսկ 2011 թ-ին՝ 39/: Դեպքերը, որոնք ավարտվել են մահացությամբ վերստին չեն նվազել /2012 թ-ին՝ 39, իսկ 2011 թ-ին՝ 36/: Հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահացության թիվը, ըստ մեր տվյալների, ոչ թե 9 է, այլ 12:
Հերթական անգամ, թվային աճպարարության միջոցով փորձ է արվում տպավորություն ստեղծել, զինդատախազության՝ այսպես կոչված «արդյունավետ» աշխատանքի և զինված ուժերում իրավիճակի բարելավման մասին: Իրականում, ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների վիճակը, կանոնադրային հարաբերությունների խախտումների, մահացության դեպքերի ոչ պատշաճ քննության հետևանքով մնում է խիստ մտահոգիչ:
Դատապարտում ենք, նման իրավիճակում ՀՀ զինդատախազության կողմից ոչ համարժեք մոտեցումը, ոչ համարժեք գնահատականները եւ ահազանգում ենք, որ իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան փորձ են անում ներկայացնել», – ասված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարության մեջ:
Հայտարարության հեղինակները միաժամանակ նշում են, որ ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարը, պաշտպանության նախարարը, իրավապահ մարմինները լրջորեն պետք է վերաբերվեն մարդու իրավունքների խախտման յուրաքանչյուր դեպքին, դրանց վերաբերյալ հասարական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ահազանգերին և հասարակության մոտ գոյություն ունեցող մտահոգությունները փարատելու ուղղությամբ արմատական փոփոխություններ կատարեն: