«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը կոչով դիմել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին՝ «չխաղալ Սերժի խաղերը», հանել թեկնածությունը և չփչացնել ԱԻՄ-ն ու շփոթված ԱԻՄ-ականներին: Այս մասին այսօր Հարությունյանը հայտարարել է լրագրողների հետ հանդիպմանը:
«Պարույր, քո ամենամեծ ձեռքբերումը «ԱԻՄ»-ն էր, քո ամենամեծ ստեղծածը Մովսես Գորգիսյանն էր ու նրանից հետո քո լավագույն աշակերտը Արամ Հարությունյանն է, որի դեմ սարսափած են: Պարույր, դու ինքդ ես ինձ ասել՝ «չծախվել երբեք»: Պարույր, մի խառնվիր այդ վայրի ցեղերին, հանիր թեկնածությունդ, քո բանաձևը ես քեզանից լավ գիտեմ: Գրելու են մի պատմություն, որտեղ ասելու են, որ դու «Լֆիկ» Սամոյի զինվորն ես եղել, ԱԻՄ-ը արժեք է, իսկ ԱԻՄ-ականներն այսօր շփոթված են: Ո՞վ ա Րաֆֆին, ո՞վ ա Բագրատյանը, ի՞նչ կապ ունեն իրենք անկախության հետ: Ես ուզում եմ՝ կանգնենք միասին, Պարույր: Դու ուրախանում ես, որ Սերժ Սարգսյանը ծաղիկ ա ուղարկել մորդ հուղարկավորությանը, է՞ս էր քո ձեռքբերումը», – ասել է Հարությունյանը:
Նրա ավելացրել է նաև, որ Հայրիկյանը միակ մարդն է, ում իշխանությունները կենդանության օրոք պետք է կենդանի լեգենդի կոչում տան:
«Դու կատարել ես քո գործը, ես ուղղակի խնդրում եմ՝ մի մխտռվի սրանց հետ, որովհետև սրանք ատում են: Պարույր, նայիր տեսանյութերը ու տես, որ Մոսոյից բացի ամենաշատը ես եմ քեզ մեծարել, դրա համար դու հավաքում էիր 100 հազար ձայն, դրա համար, երբ ես ԱԻՄ-ում չեմ եղել, դու 2003-ին մեր չափ ձայն ես հավաքել, բայց՝ դաշինքով: Մի արեք էնպես, որ պատմությունը մնա կոմունիստների չգիտեմ՝ որ տեսակին, որոնք էսօր հանրապետական են», – ասել է նախագահի թեկնածուն:
Նա շեշտել է, որ Հայրիկյանի՝ երեկ արված միամիտ հայտարարությունից հետո ինքը որոշել է անդրադարձ կատարել ու որոշ դրվագներ հիշեցնել ԱԻՄ առաջնորդին:
«Կներեք, Հայրիկյան, Պարույր արդեն, Սերժ Սարգսյանը քո փոխարեն գերադասեց ուրիշին դնել ցուցակում, դու ուզում էիր, բայց քեզ ցուցակ չդրեց, դու ինքդ ես ասել, եթե 2003 թվականին պաշտպանել ես Գեղամյանին, որը էսօր ՀՀԿ-ի պադվալում ա՝ (նկատի է ունեցել ՀՀԿ-ի ցուցակը- խմբ.), Վազգեն Մանուկյանը նույնպես, ուրեմն Հայրիկյանը պտի կանգնի իմ կողքը», -նշել է բանախոսը: