Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում արդեն հրապարակվել է ՀՀ նախագահի 4 թեկնածուների՝ Սերժ Սարգսյանի, Հրանտ Բագրատյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի և Վարդան Սեդրակյանի գույքի և եկամուտների հայտարարագրերը:
Հունվարի 16-ին Վարդան Սեդրակյանի կողմից ներկայացված հայտարարգրի համաձայն, նա 4 հողամաս ունի Կոտայքի մարզում, բնակելի տուն և բնակարան Երևանում, անասնագոմ Կոտայքի մարզում, 2011 թվականի արտադրության Միցուբիշի Outlander մակնիշի ավտոմեքենա և 9 միլիոն 900 հազար դրամ:
Համաձայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հունվարի 16-ին ներկայացրած հայտարարագրի, նա անշարժ գույք (շենք և շինություն, 96 քմ) ունի ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում, 1992 թվականի արտադրության «Միցուբիշի Մոնտերո» ավտոմեքենա, 18-20-րդ դարի հնաոճ իրեր՝ արձանիկներ, քանդակներ, կտավների հավաքածու (Խանջյան, Սարյան, Հակոբյան, Գյուրջյան, Բաշինջաղյան, Մինաս, Երվանդ Քոչար, Կոջոյան, Աբեղյան) և 20-րդ դարի ժամանակակից նկարիչների 32 կտավ (նկարիչների անունները չեն նշվում):
Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ, Սերժ Սարգսյանի դրամական միջոցները կազմել են 108 միլիոն 400 հազար դրամ:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երկու տուն ունի Երևանում, մեկ «Գազ 31» մակնիշի ավտոմեքենա, որի արտադրության տարին հայտարարգրում նշված չէ, 402 հազար դրամ և 51 հազար ԱՄՆ դոլար:
ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ընդհանուր համատեղ սեփականությամբ երկու բնակարան, մեկ տուն և մեկ ավտոտնակ ունի Երևանում, 2003 թվականի արտադրության «Նիսան X-Trail» մակնիշի ավտոմեքենա, 65 հազար դոլար և «Պեռնո-Ռիկար» ընկերության բաժնետոմսեր: