«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ այցելած հաղորդավար, դերասան Հովհաննես Ազոյանին հիացրել է քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի հավասարակշիռ, արդարամիտ, խելացի և բարեսիրտ տեսակը: Քրեակատարողական հիմնարկ այցելության, Առաքելյանի հետ հանդիպման տպավորությունների մասին դերասանն այսօր գրառում է արել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:
«Այո, ես այցելել եմ Առաքելյանին և դա իմ առաջին այցելությունն էր քրեակատարողական հիմնարկ ընդհանրապես: Ցանկությունն իմն էր և, ասեմ, որ դրանից հետո, ամբողջ օրվա ընթացքում ինձ կատարյալ ներդաշնակ եմ զգացել կյանքի հետ. այդ շատ ցուրտ սպասասրահում շատ արագ ընկերացա մի ոստիկանի հետ, ով ուներ շատ սուր ու կիրթ հումոր և հյուրասիրեց աշխարհի ամենահամեղ ու ամենատեղին սուրճը», -նշել է Ազոյանը:
Նրա խոսքով՝ հետո նույն տեղում ընկերացել է 5-ամյա Նաիրիի հետ, ով եկել էր հորը տեսներ և երազում էր զինվոր դառնալ.
«Այնքան կիրթ ու խելացի երեխա էր, որ զարմանում ես, որ հայրը կարող է հանցագործություն արած լինել», -ասված է գրառման մեջ:
Դերասանը նշել է, որ ոստիկանների ջերմ վերաբերմունքից հետո հանդիպել է Տիգրանին:
«Նրան տեսնում էի առաջին անգամ և զարմանքը, հիացմունքը և սերը իմ նկատմամբ ստիպեց նրան վերագտնել հույսը, հավատն ու կարոտը արդեն կյանքի նկատմամբ. խոսեցինք անկուշտի պես, թեև հանդիպումից առաջ պատկերացում չունեի, թե ինչի մասին կարելի է զրուցել: Զրույցի ընթացքում նա ինձ հիացնում էր իր հավասարակշիռ, արդարամիտ, խելացի և բարեսիրտ տեսակով: Երբ ինձ դժվար է լինում խոսել (չնայած ես դա պրոֆեսիոնալ ձևով թաքցնում էի), փորձում էր հումոր անել, ասելով՝ «շատ ավելի ծիծաղելի է, երբ շատ կոլոտ մարդը եկել է ավելի կոլոտ մարդու մոտ»: Ինձ թվում է՝ այնտեղ բոլորի համար էր այդ իրավիճակը զվարճալի, նույնիսկ՝ իմ, որ ամբողջ կյանքս զզվել եմ ըտենց հումորներից: Խոսեցինք կարճ, բայց….. ու երբ հագեցավ, ես հեռացա, բայց ամբողջ օրը մտքումս Տիգրանի արժանապատիվ կերպարն էր», – եզրափակել է Ազոյանը: