Գյումրիի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանը դեռևս պաշտոնավարման շրջանում՝ 2009 թվականին, Փարիզում վիրահատության է ենթարկվել, սակայն մինչև օրս չի վճարել դրա ծախսերը, որոնք կազմել են մոտ 60 հազար եվրո: Այս մասին գրում է «168 ժամ» պարբերականը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Թերթը նշում է, որ ֆրանսիական օրենսդրության համաձայն, եթե որևէ օտարերկրացի այդ երկրի տարածքում բուժման կարիք է զգում, նրան ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն՝ դրա դիմաց վճարումը հետագայում կատարելու պայմանով: Եթե տվյալ անձը չի վճարում դրա դիմաց, ապա «հաշիվը» ներկայացվում է Ֆրանսիայում տվյալ երկրի դեսպանատանը: Սեր տեղեկություններով, Վարդան Ղուկասյանի վիրահատության ծախսերի «հաշիվը» ներկայացվել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությանը, որը մինչ օրս փորձում է առանց աղմուկ բարձրացնելու՝ Գյումրիի նախկին քաղաքապետից ստանալ այդ գումարը, սակայն վերջինս հրաժարվում է վճարել: Թերթի թղթակցի հետ զրույցում՝ մեկնաբանելով այս տեղեկությունները, Վարդան Ղուկասյանն ընդամենն ասել է. «Փողոցային խոսակցություններին չեմ ուզում պատասխանել»: