Քարոզարշավի առաջին օրը ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը Վերին Արտաշատ գյուղում իր տնտեսական ծրագիրը ներկայացնելուց հետո գյուղացիների խնդրանքով անդրադարձել է ՀԱԿ-ի հետ իր համագործակցության մասին հարցին:
Թեկնածուն ասել է, որ ինքը դուրս չի եկել ՀԱԿ-ից, ուղղակի ՀԱԿ-ում կան մարդիկ, ովքեր դեմ են ընտրություններին մասնակցելու, իսկ դա իր համար անընդունելի է:
«Ի՞նչ ասեմ: Կյանքը շարունակվում է: ՀԱԿ-ը հիանալի գործ արեց: ՀԱԿ-ի մի տարատեսակ էլ մենք ենք: Ինձ երբեք չեք տեսնի` որևէ ընտրության չգամ, եթե իմանամ նույնիսկ, որ 100% իշխանությունն անցած է: Հաղթելու ենք, կասկած չունեմ: Առաջներդ ընկնելու եմ` գնամ, որ ձեր վրա չկրակեն: Եթե կասեն` Բագրատյանը առաջինը չի, չգնաք էդ միտինգի»,- ասել է նա:
Նա խոստացել է, որ սա առաջին հանդիպումն է, որի ազդեցությունը ձնագնդիկի պես մեծանալու է: