Հայաստանում ընտրությունների ընթացքում դժվարություններ եղել են ոչ միայն հետխորհրդային, այլև խորհրդային տարիներին: Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Չեմ կարծում, որ խորհրդային տարիներին Հայաստանում իդեալական ընտրություններ էին անցկացնում, սա՝ մեկ: Եվ երկրորդ՝ միգուցե Ձեր տեսակետից առաջին նախագահական ընտրությունները քննադատության չեն ենթարկվել, բայց ես կարծում եմ, որ առաջին ընտրությունները շատ ավելի են քննադատվել, քան մեր վերջին ընտրությունները՝ ես նկատի ունեմ խորհրդարանական ընտրությունները:
Մենք մշտապես աշխատել ենք, որ անցկացնենք այնպիսի ընտրություններ, որոնք ավելի մեծ վստահություն ներշնչեն ինչպես մեր ժողովրդին, այնպես էլ մեր գործընկերներին, և կարծում եմ, որ 2012 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները ավելի շատ դրական, քան բացասական արձագանքներ ունեցան, իսկ սեպտեմբերին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները գնահատվեցին որպես եվրոպական չափանիշներին ամբողջովին համապատասխանող:
Մենք 2012 թվականի այս ձեռքբերումները համարում ենք նվազագույն շեմ 2013 թվականի ընտրություններն անցկացնելու համար: Ես վստահ եմ, որ մենք կարողանալու ենք անցկացնել այդպիսի ընտրություններ, որովհետև այդպիսի ընտրություններ անցկացնելը առաջին հերթին բխում է մեր շահերից, այնուհետև մեր գործընկերների շահերից», – ասել է Սերժ Սարգսյանը:
Պատասխանելով այն հարցին, թե ով է իր հիմնական մրցակիցը նախագահական ընտրություններին՝ նա նշել է, որ որևէ ընտրության ժամանակ որևէ մեկին իրեն հակառակորդ չի համարել։
«Եվ եթե իրոք ետ նայվի նախընտրական պրոցեսները, անպայման կնկատվի, որ մենք երբեք որեւէ մեկին դեմ չենք աշխատել։ Մենք մշտապես հանդես ենք եկել «հանուն» սկզբունքով։ Եվ մենք պայքարել ենք, մրցել ենք, որպեսզի մեր գաղափարները ավելի շատ սատարում գտնեն, քան թե մենք փորձենք ուրիշների սխալները կամ թույլ կողմերը ցուցանել: Այս առումով ես կարծում եմ, որ այս ընտրությունները բացառություն չեն լինելու, և չնայած որոշ հանգամանքների, այս անգամ էլ մենք հարազատ ենք մնալու մեր մոտեցմանը», – նշել ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանին հարցրել են նաև՝ ինչպես է նա գնահատում ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի քայլը ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ. «Դա իր որոշումն էր, և ես ուղղակի պարտավոր եմ հարգանքով վերաբերվել դրան»:
ՀՀ նախագահը նաև նշել է, որ շատ լավ կլիներ, որ բոլոր նախկին ղեկավարները ինչ-որ մի առիթով հավաքվեին, փորձեին, միգուցե, արդեն ոչ հրապարակային որոշակի քննարկումներ անցկացնել, բայց «հույսը լավ բան է»:
«Հուսով եմ, որ կլինի մի ժամանակ, երբ որ ոչ միայն Հայաստանի նախկին նախագահները, այլ նաև վարչապետները, արտգործնախարարները, պաշտպանության նախարարները, այն մարդիկ, ովքեր իրենց կարծիքով իրենց կյանքն են ներդրել այդ գործում, կարող են հավաքվել և հանգիստ, առանց իրար վիրավորելու քննարկել», – ասել է Սերժ Սարգսյանը: