ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը քարոզարշավի ընթացքում չի պատրաստվում որևէ մարզ գնալ, ավելին՝ ազգաբնակչությանը «ձեռքով, գլխով կամ աչքով բարևելու» որևէ մտադրություն չունի. նա նախընտրում է երեկոյան, տաք բազկաթոռի մեջ նստած նայել՝ ինչպես են մյուս թեկնածուները մարզերով մեկ վազվզում և ինչպես է «փայլուն առողջությամբ չփայլող Սերժիկ Սարգսյանը ցրտին՝ կապտած դեմքով հանրահավաքներ անում»: Այս մասին Սեդրակյանն ասել է այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
«Նայելու եմ, թե ինչպես է կապտած դեմքով մեր ազգաբնակչությունը ծաղիկներով, դրոշակներով, փուչիկներով, գնում հանրահավաքի՝ ողջունելու ազգի հորը ու առաջնորդին: Ի դեպ՝ փուչիկներ պետք չեն, փուչիները իրենց մոտ լավ չեն ստացվում (նկատի ունի 2012թ. մայիսի 4-ին ՀՀԿ նախընտրական համերգին տեղի ունեցած պայթյունը – խմբ.)»,- ասել է էպոսագետը:
Նա նաև նշել է, որ որևէ գովազդային վահանակ չի վերցնելու:
«Այն թեկնածուն, որը դեկտեմբերին հայտարարում էր, թե փող չունի ընտրությունների համար և դիմելու է հայ ժողովրդին, միանգամից պատվիրում է 117, թե 114 վահանակ: Պարոն Րաֆֆի Հովհաննիսյան, ինչպե՞ս հանկարծ ստացվեցին այդ գումարները: Ինչո՞ւ նրան այդ հարցը չեք տալիս, միգուցե այն պատճառով, որ Հովհաննիսյանը գտնվում է Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո՞», – ընդգծել է բանախոսը:
Նա նաև շեշտել է, որ ինքը որոշել է մինչև փետրվարի 1-ը զերծ մնալ ակտիվ քարոզարշավից մի պայմանով՝ հնարավորություն տալ «Բագրատյան-Հովհաննիսյան-Հայրիկյան հրաշալի եռյակին, որ ընտրապայքարի են մտել ռեժիմից ինչ-որ բան պոկելու նպատակով, բարելավել դիրքերը»:
«Այդ պարոնների թվերը խիստ անմխիթար են: Մինչ փետրվարի 1-ը իմ թիմի կողմից չեն տարածելու բուկլետներ, ծրագրեր, չեն լինելու գովազդային հոլովակներ: Կբավարարվեմ միայն հեռուստաընկերությունների հետ հարցազրույցներով և մի քանի օրը մեկ կանցկացնեմ մամուլի ասուլիսներ», – ասել է Սեդրակյանը:
Նրա խոսքով՝ շատերի համար ծանր է լսել՝ ինչպես է ինքը Սերժ Սարգսյանին Սերժիկ Սարգսյանով դիմում:
«Ես բազմիցս ասել եմ, որ իր անձնագրում գրված է Սերժիկ Սարգսյան, իսկ «Հայլուրով» մեծ պլանով ցույց տվեցին նրա անձնագիրը, որտեղ հստակ գրված էր՝ Սերժ Սարգսյան: Խորհուրդ եմ տալիս պարոն Սարգսյանին՝ հաջորդ անգամ, «Հայլուրի» կիրակնօրյա թողարկմանը, ցույց տալ նաև իր խորհրդային անձնագիրը և ծննդյան վկայականը, ու բոլորս կտեսնենք՝ այնտեղ ինչ է գրված»,- ասել է էպոսագետը:
«Պետք է ասեմ, որ սերժիկամետ ու միշիկամետ կառույցների կողմից հովանավորվող պրոպագանդան մինչ օրս փորձում է ապացուցել, որ իմ անունով թեկնածու ընդհանրապես չկա, այնինչ մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցների՝ մասնավորապես, «Առավոտ» օրաթերթի , «Mardik.am»-ի քվեարկությունների տվյալներից պարզ դարձավ, որքան էլ բոլորի համար տհաճ հնչի՝ առաջին տեղում ես եմ: Լուրջ պայքար գնում է 2-րդ տեղի համար: Հենց նոր նայեցի «Mardik.am»-ի ցուցանիշները՝ 1-ին տեղում ես եմ՝ 32 տոկոս ձայներով, երկրորդ տեղում մրցակից չկա՝ կարելի է ենթադրել, որ դա Սերժ Սարգսյանն ա, իսկ Րաֆֆի Հովհաննիսյան- Հրանտ Բագրատյան-Պարույր Հայրիկյան եղբայրությունը բավական հետ է», – ասել է նախագահի թեկնածուն՝ նշելով, որ այսօր առավոտյան «Առավոտ»-ը արդեն հանել է այդ հարցումը:
Սեդրակյանն այսօր ևս հիշեցրել է, որ չունի այնքան վառ երևակայություն, որ պատկերացնի, թե փետրվարի 18-ին կարող է չընտրվել նախագահի պաշտոնում:
«Չկա ըտենց բան, նման բան չի կարող պատահել, որ ես չընտրվեմ: Թող մտածեն մյուսները, ովքեր եկել են գռփելու, թալանելու համար: Այ, օրինակ, հարցրեք Քոչարյանին, թե որտեղի՞ց են իրեն այդ միջոցները՝ «հարցրեք, ասեք, այ ընկեր, որ եկար կոմերիտական ակտիվիստ էիր, էդ միջոցները քեզ ո՞րտեղից»», – հարցրել է էպոսագետը:
Նա նաև խորհուրդ է տվել դիմել Լևոն Տեր-Պետրոսյանին ու Քոչարյանին՝ պարզելու թե ի՞նչ միջոցներով են սաֆարիներում որս անում: Լրագրողների հարցին, թե ի՞նչ փաստեր ունի՝ էպոսագետը հորդորել է դիմել վերոնշյալ անձանց ու այդ հարցը ուղղել նրանց:
«Մի առյուծի որսը 300 հազար դոլար ա, էդ ի՞նչ միջոցով ա Քոչարյանը որս անում, ու ասենք էնքան դեռ չի մեծացել, որ որսի նկարները երեխու պես քցում ա ինտերնետներում, օդնոկլասնիկներում: Գիտի մոռացե՞լ ենք, որ եկավ նույն Քոչարյանը, երբ եկավ վարչապետ՝ շոր չուներ, տեղ էթալու շորերով էր, էն՝ որ տեղ էթալու շոր են ունենում, որ պահարանում մաշվում ա: Նույն Հրանտ Բագրատյանը, երբ վարչապետ էր, ասուլիսներից մեկի ժամանակ «Marlborо» ծխեց, երբ հարցրեցին, թե ի՞նչ միջոցներով էր ծխում, պատասխանեց՝ «գործուղում ուղարկեցին, պետությունը հյուրանոցի գումար տրամադրեց, ես ավելի էժան հյուրանոց վարձեցի ու ավելացած գումարով «Marlborо» գնեցի՝ սա էլ տեղ գնալու «Marlborо»-ն էր: Իսկ 2 օր առաջ հեռուստացույցով ասում էր, որ կոնյակների կոլեկցիա ունի ու անցած 10 տարում 4700 շիշ կոնյակ է խմել, այնինչ «Marlborо»-ի փող չուներ… Ու այս մարդը պատրաստվում է դառնալ նախագահ: Հաշվեք, թե քանի տոննա սպիրտ է անում 4700 շիշը: Ասում եմ՝ չէ՞, սրանց զոռով բերել են, որ թեկնածու խաղան», – եզրափակել է Սեդրակյանը: