ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ավագ գիտաշխատող Հարություն Կարապետյանը հրաժարվել է 2007 թվականին իրեն շնորհված ՀՀ նախագահի մրցանակից: Իր որոշման դրդապատճառները նա ներկայացրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակում, որի տեքստը հրապարակել է Lragir.am կայքը:
Կարապետյանը նշում է, որ Հայաստանում գիտության բնագավառում այսօր առկա բացասական երևույթները երկրում արմատավորված քրեաօլիգարխիկ համակարգի ու նրա բարքերի ուղղակի արտապատկերումն են։
«Այն, ինչ կատարվում է ամբողջ երկրում, չի կարող չանդրադառնալ նաև գիտության ոլորտին: Այստեղ նույնպես ծաղկում են կոռուպցիան, հովանավորչությունը, բյուջետային միջոցների չարաշահումներն ու խմբակային մոտեցումները։ Ոլորտը այլասերող ու քայքայող երևույթները քանիցս փաստագրվել են նույնիսկ իշխանական համակարգի համապատասխան կառույցների կողմից:
Սակայն, հատկապես վերջին զարգացումները ապացուցում են, որ դրությունը բնագավառում ավելի քան տագնապալի է։ Հայաստանում քրեաօլիգարխիկ համակարգի կողմից, փաստորեն, պատերազմ է հայտարարված գիտական գործունեության դեմ՝ ընդհուպ մինչև ոլորտի արմատախիլ անելը և նրա անվերադարձ վարկաբեկումը», – նշում է գիտնականը:
Նա ընդգծում է, որ երկրի իշխանությունները բացահայտ կերպով խրախուսում են «ուղեղների արտահոսքը»:
«Սովորական են դարձել կասկածելի եղանակներով գիտական աստիճանների ձեռքգցումը պետական «բազմազբաղ» պաշտոնյաների և այլ դուրսպրծուկների կողմից, ինչպես նաև ակնհայտ զեղծարարություններով ակադեմիական տիտղոսներին տիրանալու հաջողված դեպքերը: Եվ այդ ամենը իրականացվում է իշխանությունների՝ գիտության հանդեպ խիստ «մտահոգ» կեցվածքով՝ տարատեսակ շոուներ կազմակերպելով, խրախուսանքի և պարգևների արժանացնելով գիտության բնագավառն ամայացնող գործընթացների հեղինակներին։ Նշված երևույթները զուտ «ներհամքարային» հարցեր չեն։ Այդ երևույթները մսխում և քայքայում են երկրի կարևորագույն ռեսուրսներից մեկը` գիտության բնագավառը», – նշում է գիտնականը:
Նա պնդում է, որ եթե նույնիսկ համեմատաբար կարճ ժամանակահատվածում հնարավոր է բարելավել տնտեսության այս կամ այն հատվածը, ապա գիտության դեպքում պահանջվող հիմքերը դրվում են տասնամյակներով։
«Հետևաբար, այն, ինչ մենք կորցնում ենք այսօր, հնարավոր է, որ այլևս երբեք չունենանք: Հաշվի առնելով շարադրվածը՝ անիմաստ եմ համարում հետայսու կրել «Նախագահի մրցանակի դափնեկիր» կոչումը, որը ստացել եմ 2007 թվականին բնական գիտությունների բնագավառում ձեռքբերումների համար։ Ես հրաժարվում եմ այդ մրցանակից, և վերադարձնելու եմ դափնեկրի վկայագիրն ու մեդալը, ինչպես նաև համապատասխան դրամական պարգևը՝ նման դեպքերում նախատեսված կարգի համաձայն:
Կարապետյանը գրում է նաև, որ իր այս քայլի համար ներողամտություն է հայցում մրցույթի հովանավոր «Պողոսյան հիմնադրամից», մրցույթի կազմակերպչական աշխատանքներն իրականցրած Հայաստան համահայկական հիմնադրամից, ինչպես նաև իր համահեղինակներից։
Նշենք, որ 2007 թվականին ՀՀ նախագահի մրցանակը Կարապետյանին շնորհվել է Ռոբերտ Քոչարյանի կողմից: