Home / Տեսանյութեր / «Ինչո՞ւ են բանտերը լցնում անմեղ երիտասարդներով». բաց նամակ

«Ինչո՞ւ են բանտերը լցնում անմեղ երիտասարդներով». բաց նամակ

«ԱԱԾ  պետ  Գորիկ Հակոբյանը, «քննիչ» Արմեն  Թևանյանը և մյուս  աշխատակիցները 1930-ականների մատնիչների, զրպարտիչների  թոռներն ու ծոռներն են, որ շարունակում են  նրանց  կեղտոտ, սև  գործերը`դատապարտելով  անմեղ մարդկանց»:  Հանրությանը ուղղված բաց նամակում այս մասին գրում է պետական դավաճանությանն օժանդակելու հոդվածով 10 տարվա ազատազրկման դատապարտված, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Աշոտ Չտրկյանի մայրը՝ Անահիտ Չտրկյանը:

««Քննիչ» Ա.Թևանյանը ստեղծել էր գործ, որը  շատ մակերեսային  էր, շինծու, անհիմն: Տեսնելով, որ որդիս անմեղ է  և  հիմնավորված  փաստեր  չկան՝  ասել է. «Բրթելով էլ  լինի, քեզ դատելու եմ, որ գնացել ես Թուրքիա`աշխատելու»: Այդ դեպքում ինչո՞ւ «քննիչ» Ա. Թևանյանը  չի  դատապարտում   հայ ազգի  80 %-ին: Կարեն  Մեհրաբյանը  մեղադրվում  էր  դավաճանության  մեջ և  դատարանում   բազմիցս շեշտել է և՛ գրավոր, և՛ բանավոր, որ իր հետ գործունեություն են ծավալել այլ անձինք, որոնց անունները նա տվել է, բայց դատարանը այդ անձանց պատասխանատվության չկանչեց:

Մինչև այսօր մեղավորները գտնվում են ազատության մեջ: Ես 30-ից ավել նամակներ եմ հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, արդարադատության նախարարին, վարչապետին, Ազգային ժողովին, Մարդու իրավունքների գրասենյակին, ԱԱԾ–ի խորհրդի քարտուղարին, ԱԱԾ-ի պետ Գորիկ Հակոբյանին, բայց, ավաղ, բոլորը կույր և խուլ են ձևանում, այլ ձևով ասած` ԱԱԾ-ի  առաջ խաղ  չկա. ինչ   ցանկանան, այն  էլ կանեն: Բոլոր   պաշտոնյաները   մտածում   են   միայն   իրենց   աթոռի, փողի,  պաշտոնից   չզրկվելու  մասին, վախենում են ոճրագործ  և զրպարտիչ ԱԱԾ–ից: Իսկ ես` անօգնական  մայրս, վրդովված   այս   անօրինությունից,  ինձ   կորցրել   եմ   ու   չեմ  հասկանում, թե ինչ անեմ, որ անմեղ որդուս   ազատեմ,  որովհետև   վճռաբեկ   դատարանն    անգամ    չընդունեց   այս   շինծու, սարքովի, անհիմն գործը: Ես   ամեն   օր  «ՈՐԴԻՍ   ԱՆՄԵՂ   Է, ԱՆՕՐԵՆՆԵՐ»  պաստառը    ձեռքիս   կանգնում  եմ    նախագահական  նստավայրի  դիմացի  մայթին` սպասելով արդարության, արդարադատության:  Չէ   որ   որդիս    հանցանք   չի  գործել. ինչ՞ու են բանտերը լցնում անմեղ   երիտասարդներով»,- գրում է Անահիտ Չտրկյանը: