Այս տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթին Հայաստանը կներկայացնի ռոք երգիչ, «Դորիանս» խմբի մենակատար Գոռ Սուջյանը, ում երգը կընտրվի մարտի 2-ին` հեռուստադիտողների sms հաղորդագրությունների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկությամբ: Այս մաին հայտնել է «Եվրատեսիլի» հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:
NEWS.am.STYLE-ի հետ զրույցում Գոռ Սուջյանն ասել է, որ «Եվրատեսիլին» մասնակցությունն իր համար անակնկալ էր:
«Ընդհանրապես այս տարի հետարքրքված չէի «Եվրատեսիլով», զբաղված էինք խմբով` նոր ալբոմ, ԱՄՆ մեկնելու ծրագրեր և այլն: Ինձ զանգահարեցին երեկ երեկոյան, այսօր հանդիպեցի Հայաստանի Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությանյանի հետ, առաջարկը ստացա, և բնականաբար, չէի կարող մերժել, որովհետեւ առաջարկը հաճելի է: Համենայն դեպս, շատ ուրախ եմ»,- ասել է Սուջյանը:
Նա ասել է, որ թեև իրեն առաջարկել են հանդես գալ որպես Գոռ Սուջյան, ինքը ցանկանում է «Եվրատեսիլին» ներկայանալ «Դորիանս» խմբով:
Ինչ վերաբերում է ներկայացվելիք երգերին, ապա Սուջյանն ասել է, որ կցանկանար հանդես գալ իրենց հատուկ ոճով. «Մենք մեր ոճն ինչ-որ չափով գտել ենք, աշխատում ենք այն զարգացնել: Չենք ցանկանա դրանից դուրս գալ: Ներկայացնում ենք ռոք, բայց «Եվրատեսիլում» որ ժանրով հանդես կգանք, չեմ կարող ասել: Առաջինը պետք է մտածեմ ելույթի մասին, թե ոնց եմ երգելու, իսկ մնացած հարցերի շուրջ կխորհրդակցեմ մասնագետների հետ։