Կառավարությունն ուրբաթ օրը մերժել է Ընտանեկան բռնությանը վերաբերող օրենքի նախագիծը՝ խոստանալով, սակայն, որ օրենսդրական փաթեթից առանձին դրույթներ տեղ կգտնեն քրեական օրենսգրքում և քաղաքացիական օրենսգրքում: Այս մասին Epress.am-ի հայտնել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի»և «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի անդամ Աննա Նիկողոսյանը:
Ըստ մեր զրուցակցի՝ այդպիսով ընտանեկան բռնության հարցը չի լուծվի, քանի որ մերժում ստացած օրենքն ավելի կենտրոնացած էր ոչ թե պատիժների սահմանմանը, այլ բռնությունները կանխարգելելու մեթոդների մշակման վրա, սահմանում էր բռնությունից տուժածմերին ապաստաններով ապահովելու, հոգեբանական խորհրդատվություն և իրազեկում ապահովելու կարգը: Մերժելով այս օրենքը՝ մեր կառավարությունը, Նիկողոսյանի խոսքով, փաստորեն, հերքում է այն, որ Հայասատանում ընտանեկան բռնությունը հիմնախնդիր է և չունի օրենսդրական միջամտության կարիք:
Հիշեցնենք, որ «Ընտանեկան բռնության մասին» օրենքը մշակել էր «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ն: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից օրինագիծը մեկ անգամ հետ էր ուղարկվել վերանայման և թերությունների շտկման համար: Փոփոխություններից հետո օրինագիծը նախարարությունը դրական էր համարել և ուղարկել կառավարության քննությանը:
Աննա Նիկողոսյանի խոսքով՝ փոփոխությունների ուղարկելը ձևական բնյութ ուներ և միայն արվել էր միջազգային հանրությանը ցույց տալու համար, թե կանանց հանդեպ բռնության դեմ պայքարը առաջնահերթություն է մեր երկրում: Բայց պետության պահանջած փոփոխություններից հետո էլ այն փաստորեն չընդունվեց:
Օրինագծի մերժման հիմնավորումների մասին Epress.am-ը մեկնաբանություն է խնդրել փաթեթի հեղինակ, «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Վարդանյանից: Վերջինս, սակայն, հրաժարվել է խոսել այդ թեմայի մասին՝ հավելելով, որ օրինագիծը կառավարության քննությանը ոչ թե իրենց կազմակերպությունն է ներկայացրել, այլ նախարարությունը, ուստի պետք է դիմել այդ կառույցին:
Սոցիալական հարցերի նախարարությունից էլ մերժման հիմքերը մեզ չներկայացրեցին՝ ասելով, թե իրենք դրական գնահատական են տվել, իսկ կառավարությունը մերժումն ուղարկել է «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ին: