«Խաղաղություն և ժողովրդավարություն» (BDP) կուսակցությունը առաջարկել է անկախ խորհրդարանական հետաքննություն սկսել հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության առնչությամբ: Հիշեցնենք, որ հայ-թուրքական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը գնդակահարվել էր թուրք ազգայնական Օգյուն Սամաստի կողմից 2007 թվականի հունվարի 19-ին:
BDP-ն քրդամետ կուսակցություն է, որը 550 տեղանոց Թուրքիայի խորհրդարանում ներկայացված է 29 պատգամավորով:
Կուսակցության դիմումի մեջ, որը երեկ հանձնվել է խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեկի գրասենյակ, ասվում է, որ Դինքի սպանության հանգամանքները հետաքննելիս, իրավապահ մարմինները անտեսել են պետական պաշտոնյաների պահվածքը, որոնք կարող էին տեղյակ լինել նախապատրաստվող սպանության մասին և միտումնավոր անգործություն դրսևորել:
BDP-ի պատգամավորները համոզմունք են հայտնել, որ Հրանտ Դինքի սպանության գործի քննության ժամանակ պետական մարմինների կողմից դրսևորած խտրական վերաբերմունքը լուրջ հարված է հասցրել հասարակական գիտակցությանը, և խորհրդարանական անկախ քննությունը կարող է օգնել հաղթահարել այն խնդիրները, որոնք ծագել են իրավապահ մարմինների քննության ժամանակ և դատարանում:
Հիշեցնենք, որ սպանությունն իրագործած Օգյուն Սամասթը դատապարտվել էր 22 տարվա և 10 ամսվա ազատազրկման: Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները, սակայն, դժգոհ են մնացել վճռից. նրանք պնդում են, որ քննության ընթացքում չեն բացահայտվել Սամասթի հետևում կանգնած ուժերը, ինչպես նաև չի քննվել իրավապահ մարմինների անգործության հարցը: