Հայերը ոչ մի ժողովրդի, այդ թվում՝ ադրբեջանցիներին իրենց թշնամի չեն համարում: Այդ մասին այսօր՝ հունվարի 22-ին, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում ընտրողների հետ հանդիպման ընթացքում նշել է Հայաստանի գործող նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը: Ինչպես փոխանցում է news.am-ը, Սերժ Սարգսյանը հավելել է, որ նման համոզմունքը բխում է հայ ժողովրդի հազարամյա պատմությունից:
«Չեմ կարծում, թե կգտնվեն մարդիկ, որոնք ադրբեջանցիներին մեր թշնամիներն են համարում: Դա մեր էությունն է: Դա մեր հազարամյա պատմությունն է: Բայց մենք պատրաստ ենք դիմակայել բոլոր նրանց, ովքեր մեզ իրենց թշնամին են անվանում», – ասել է Սարգսյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը գրեթե հյուսիսից հարավ սահմանամերձ երկիր է, Սյունիքի բնակիչները հատկապես առավել ծանոթ են պատերազմի զրկանքներին 7 դժվարություններին:
«Շրջափակումը և սպառազինությունների մրցավազքը գլխավոր մարտահրավերներից են, որոնք ապագայում կձեւավորեն քաղաքական օրակարգը: Մի շարք երկրների կողմից հարցերը ուժի կամ սպառնալիքի միջոցով լուծելու ջանքերը իրական սպառնալիք են տարածաշրջանի ժողովուրդների ապագայի համար եւ մեր կողմից կմերժվեն: Հայաստանի մեկուսացմանն ուղղված ծրագրերը չեն կարող նպաստել տարածաշրջանային զարգացմանը: Մենք կշարունակենք ծանրակշիռ ավանդ ներդնել տարածաշրջանում փոխվստահության ապահովման գործում»,- նշել է Սարգսյանը:
Ըստ նրա՝ Հայաստանի ջանքերն ուղղված կլինեն հայկական բանակի սպառազինմանը և մարտունակության ապահովմանը:
«Այդ նպատակների համար նշանակալի միջոցներ են հատկացվում, որպեսզի պաշտպանենք հայրենիքը, և, ինչու չէ, հարկ եղած դեպքում՝ արժանի հակահարված հասցնենք», – ամփոփել է նախագահը: