ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը նպատակադրվել է մի քանի օրով միանալ ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածու Անդրիաս Ղուկասյանին, քանի որ գտնում է, որ հացադուլը «շատ օգտակար բան է», ու ինքը տարվա մեջ մի քանի օրով հացադուլի է դիմում: Այս մասին Հայրիկյանն ասել է այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
«Տարվա մեջ մի քանի անգամ անում եմ, բայց կարևոր է՝ ի՞նչ պայմաններում ու հոգեբանական ի՞նչ տրամադրվածությամբ է արվում հացադուլը: Մտածում եմ՝ եթե Ղուկասյանը երկար պահի, համերաշխելով իր հետ՝ ես մի քանի օրով իրեն կմիանամ, որպեսզի համոզեմ, որ միասին էլ ընդհատենք, բայց շարունակենք պայքարը», -ասել է բանախոսը:
Հայրիկյանը ասուլիսին ներկա լրագրողներին ևս խորհուրդ է տվել դիմել հացադուլի՝ հիշեցնելով դրա օգտակարության մասին:
Еpress.am-ի հարցին՝ իր մտադրությունը Ղուկասյանին զորակցե՞լն է, թե՞ հարմար առիթ է նախատեսված պրոֆիլակտիկ հերթական հացադուլն անցկացնելու, Հայրիկյանը պատասխանել է. «Ես հերթականը անց եմ կացնում այլ հոգեբանական մթնոլորում, քանի որ այս դեպքում հոգեբանական իրավիճակն էլ կարևոր է»:
Հայրիկյանը վստահեցրել է, որ Անդրիաս Ղուկասյանը շատ կարևոր շեշտադրում ու հարցադրումներ է անում:
«Անդրիասի մոտեցումը՝ ընտրակաշառք բաժանած կուսակցությունը պետք է ապօրինի ճանաչվի, շատ ճիշտ է, մնում է դա ապացուցել ու գործնական շարունակել», -նշել է ԱԻՄ առաջնորդը՝շեշտելով, որ Ղուկասյանն ի սկզբանե բարեկիրթ խոսեր, իրենք շատ հարցերում համաձայնության կգային:
«Բայց երբ ինքը ասում էր՝ «եթե իմ ասածը չանեք, ուրեմն դուք Սերժի մարդն եք», ասեմ, որ դրանով ինքը շատ մարդկանց վանեց, հետո ինքը բավական բարեկիրթ դիմեց և հիմա կարևոր շեշտադրում կատարեց», – հիշեցրել է Հայրիկյանը:
Նա նաև խոսել է Ղուկասյանին միանալու խանգարող ևս մեկ հանգամանքի մասին՝ այն է՝ միանալու դեպքում պետք է հետ կանգնի քարոզարշավից: