«Ժողովրդավարական հայրենիք» (ԺՀԿ) կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը խուսափել և խորամանկորեն վիժեցրել է ԺՀԿ նախօրոք պայմանավորված քաղխորհրդի դեկտեմբերի 31-ի հավաքը և հունվարի 19-ի նիստը, որտեղ պետք է բացատրություններ տար իր գործողությունների համար: Այս մասին ասված է կուսակցության փոխնախագահ Ղուկաս Մեհրաբյանի և կուսակցության քաղխորհրդի անդամ Պետրոս Գևորգյանի տարածած հայտարարության մեջ:
«Դրա փոխարեն իր նախաձեռնությամբ հրավիրել է քաղխորհրդի արտահերթ նիստ քաղխորհրդի անդամների մի մասի համար անհարմար կիրակի օրը՝ հունվարի 13-ին։ Այստեղ նա ինչ-որ բամբասանքներ որպես ինֆորմացիա հրապարակելով՝ թյուրիմացության մեջ է գցել ներկաներին, իսկ իր գործողությունների հետ կապված որևէ հարց այդպես էլ քննարկման չի դրել ու որևէ բացատրություն չի տվել։
Այս պայմաններում մենք ստիպված ենք անել հետևյալ հայտարարությունը. Պետրոս Մակեյանն այլևս բարոյական իրավունք չունի զբաղեցնել ԺՀԿ-ի նախագահի պաշտոնը և տարբեր կազմակերպություններում հանդես գալ կուսակցության անունից», – նշում են հայտարարության հեղինակները։
Լուսանկարում՝ Պետրոս Մակեյանը և Ղուկաս Մեհրաբյանը (Մեհրաբյանի Facebook-յան էջից)