Նախագահի թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն այսօրվանից դադարեցնում է նախընտրական քարոզարշավը, քանի դեռ լուծված չէ ընտրությունների օրինականության հարցը: Այս մասին նա հայտարարել է այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
Նախագահի թեկնածուի պահանջը Հայաստանից հեռացած անձանց ցուցակի հրապարակումն է, քանի որ, նրա խոսքով, այդ մարդկանց ձայները կարող են օգտագործվել իշխանության թեկնածուի օգտին:
Մելիքյանն ասել է, որ նախորդ ընտրություններին այս առումով իրավիճակը չի փոխվել և ինքը չի պատրաստվում ստեղծված ոչ իրավաչափ նախընտրական իրավիճակում քաղաքական և սոցիալական իր ծրագրերով խաբել հասարակությանը:
«Քանի որ կլինեն հերթական կեղծարարական ընտրություններ, մենք, վերջապես, պետք է հրաժարվենք ստից, կեղծիքից»,- ասել է թեկնածուն:
«Ես դրական եմ համարում, որ ԿԸՀ-ն վերահասցեագրեց մեր դիմումը Ոստիկանության համապատասխան բաժանմունք, որը կարող է ցույց տալ, թե քանի սփյուռքահայ է ՀՀ քաղաքացիություն ստացել անկախության տարիներից, բայց մինչև օրս չեն բնակվել Հայաստանում: Ոստիկանությունից տրվող պատասխանները մեզ թույլ կտան կրճատել պոտենցիալ ընտրողների թիվը 2000-3000-ով»,- ասել է Մելիքյանը: