Home / Հայաստան / Վարդան Ղուկասյանի որդին մասնակցել է Դեդ Հասանի հուղարկավորությանը

Վարդան Ղուկասյանի որդին մասնակցել է Դեդ Հասանի հուղարկավորությանը

Անցած շաբաթ սպանված քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի, Մոսկվայում կիրակի օրը տեղի ունեցած հուղարկավորությանը Հայաստանից մասնակցածների թվում է եղել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը, գրում է «168 ժամ»-ը: Թերթի տեղեկություններով՝ նախապես որոշված է եղել, որ Վարդան Ղուկասյանը ևս պետք է ներկա լիներ Ուսոյանի հուղարկավորությանը, սակայն, քանի որ այն հետաձգվել և տեղի է ունեցել հունվարի 20-ին, Գյումրիի քաղաքապետը չի մեկնել Մոսկվա, քանի որ այդ օրը համընկել է իր ծննդյան օրվա հետ: Փոխարենը` Ղուկասյանների ընտանիքի անունից Դեդ Հասանին հրաժեշտ է տվել Սպարտակ Ղուկասյանը, ով հայտնի է քրեական աշխարհում ունեցած կապերով և «օրենքով գող» դառնալու ցանկությամբ:

Խնդիրն այն է, սակայն, որ խուլիգանության մեջ մեղադրվող, որոշ ժամանակ հետախուզման մեջ գտնվող Սպարտակ Ղուկասյանը Հայաստան վերադառնալուց հետո ազատ էր արձակվել` բնակության վայրից չբացակայելու ստորագրությամբ, գրում է թերթը՝ նշելով, որ երեկ թերթի խմբագրություն ոմն Արմինե Ղազարյանից էլեկտրոնային նամակ է եկել, որում ասված էր, որ նամակի հեղինակը «շատ ստույգ տեղեկատվություն» ունի այն մասին, որ Սպարտակ Ղուկասյանն այսօր մեկնել է Փարիզ: Ըստ նույն աղբյուրի՝ Սպարտակի հետ է եղել նաև Վարդան Ղուկասյանի եղբորորդին` Կոլյա Ղուկասյանը: Թերթը նշում է, որ մեկնաբանելով Սպարտակ Ղուկասյանի` Փարիզ մեկնելու մասին տեղեկատվությունը, Գյումրիի նախկին քաղաքապետի մամլո խոսնակ Լիլիթ Աղեկյանն ասել է. «Մարդ է, իրա համար մեկնել է երևի, իրավունք չունի՞: Իսկ ինչի՞ համար եք հետաքրքրվում: Ես տեղյակ չեմ, դուք ավելի լավ եք տեղեկացված: Մարդը գնացել է, էս քաղաքում ավելի շատ հետաքրքիր խնդիրներ կան, որ կարելի է լուսաբանել, ինչո՞ւ եք սևեռվել էդ ընտանիքի անդամների վրա»: