Epress.am-ը մի քանի անգամ անդրադարձել է ֆրանսիական Նիս քաղաքի հայ համայնքի խնդիրներին, որոնք ծագել են Սուրբ Աստվածածին եկեղեցու վարչության անդամների և 2001 թվականին եկեղեցում քահանա նշանակված Վաչե Այրապետյանի միջև, ում սատարում էր 49-ամյա Միհրդատ Ասատրյանը (հայտնի է որպես ապարանցի Միրո – խմբ.):
Նիսի համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու վարչության նախկին ատենապետ Զարեհ Մարտիրոսյանը Epress.am-ի հետ զրույցում նոր մանրամասներ է ներկայացրել եկեղեցու հետ կապված խնդիրների, Վաչե Այրապետյանի և Միհրդատ Ասատրյանի՝ համայնքի հնաբնակների նկատմամբ վերաբերմունքի մասին:
Մարտիրոսյանը պատմել է, որ երբ տեղի քահանան հիվանդացել է և վարչությանը խնդրել է իրեն փոխարինող գտնել, այդ ժամանակ այցով Ֆրանսիայում գտնվող կաթողիկոս Գարեգին Բ-ն հանդիպել է եկեղեցու վարչության ատենապետին և ասել է, որ ԱՄՆ-ում մի քահանա կա՝ Տեր Վաչե, ով շուտով պետք է վերադառնա Հայաստան: Կաթողիկոսն առաջարկել է, որ նա մեկ ամիս ապրի Նիսում, և եթե վարչությունը կհամարի, որ Տեր Վաչեն հարմար քահանա է, ապա նա կմնա Ֆրանսիայում:
«Ես Տեր Վաչեին դիմավորեցի օդանավակայանում, մեկ ամիս մեր հյուրը եղավ: Սկզբում մենք երիտասարդ, լավ ձայն ունեցող, աշխատելու պատրաստ հոգևորական տեսանք: Ասացինք, որ մեզ հարմար է՝ ուղարկեք: Տեր Վաչեն ընտանիքով այստեղ եկավ, սկզբում բավական լավ էր, բայց մի քանի տարվա մեջ մենք տեսանք, որ, հոգևորականությունից բացի, նա այլ գործերով է զբաղվում: Հայաստանից գաղթողները շատացան Նիսում, ինքը սկսեց խմբեր կազմել իր շուրջը, և այդ խմբերը զբաղվում էին այլ գործերով: Նրան մի քանի անգամ զգուշացրեցի՝ «քո ընկերները լավը չեն», իսկ նա ինձ ասաց՝ «ես քեզ հաշվետու չեմ, դուք իրավուքն չունեք ինձ նկատողություն անելու»: Գիշերները եկեղեցու տակ գտնվող Օշական սրահում կհավաքվեին, քեֆ կանեին, կխմեին, կծխեին այդ նոր գաղթածների հետ միասին:
Նախկինում դա օգտագործվում էր ժողովների համար, գաղութի երիտասարդների տարեդարձներն էինք նշում: Բայց Վաչեն մեր բոլոր ժողովներն արգելեց: Մենք չէինք իմանում, թե նրանք այնտեղ ինչ ժողովներ էին անում: Հետո ոստիկաններից ենք իմացել, որ այնտեղ կռիվ էլ է եղել: Պարզեցինք նաև, որ Վաչեն առանց մեզ լուր տալու հոգևորական դպրոց է հիմնել: Հետո իմանում ենք, որ նա խանութ է բացել Նիսում, և ասում է, որ դա իր կնոջ անունով է, բայց իմացանք, որ ինքն է ապրանք բերում, այնտեղ առևտուր անում: Մեր համբերության գավաթը լցվեց:
Տեղի ունեցածի մասին պատմել է թեմական առաջնորդ սրբազան Նորվան Զաքարյանին: Սրբազանը խոստացել է, որ այդ հարցը կլուծի, սակայն 2009 թվականին Նիսում կայացած թեմական ընդհանուր խորհրդի ժողովում նա Զարեհ Մարտիրոսյանին ասել է, որ տեր Վաչեի տեղափոխությունը մինչև տարվա վերջ կհետաձգվի:
«Եկավ դեկտեմբերը, մենք սրբազանից դեռ պատասխան չունեինք, որոշեցիքն գնալ իր մոտ Փարիզ պատասխանի: Այնտեղ Սրբազանը ժողով գումարեց, և մենք իրեն բացատրեցինք՝ ինչ է կատարվում: Նա հարցերց՝ արդյոք մեզ համար խնդիր է, եթե Վաչեի հետ էլ խոսի, մենք ասացինք՝ ոչ, և հաջորդ օրը նա Վաչեի հետ էլ հանդիպեց», – պատմել է Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ հաջորդ կիրակի, երբ ինքը եկեղեցի է գնացել, դռան մոտ մարդիկ են հավաքված եղել: Նրանք ասել են, որ Մարտիրոսյանը Վաչեի մասին «հակառակ բաներ է խոսել», այդ իսկ պատճառով իրավունք չունի եկեղեցի մտնել:
«Նրացից մեկը Միրոն էր, ով երիտասարդ ժամանակ սպորտսմեն է եղել: Նա ազգականների ու ընկերների հետ արգելեց մեզ մտնել եկեղեցի: Մենք զարմացանք այս իրավիճակից, տեսանք, որ Վաչեն խումբ է կազմել և կռիվ է անում, որ մենք իրեն ուղարկում ենք Փարիզ: Ահա այստեղից էլ մեծ խնդիրը սկսվեց: Նրանք ասում էին, որ ես այնքան ժամանակ իրավունք չունեմ եկեղեցի մտնելու, մինչև պաշտոնից չհրաժարվեմ: Կարծես, Վաչեն ու իր ընկերները պետք է որոշեին՝ ես մտնեմ եկեղեցի, թե չէ: «Կխփենք, կսպանենք քեզ», – ասում էին նրանք: Այդ տեսակի մարդկանցից ամեն ինչ կարելի է սպասել», – ասել է Զարեհ Մարտիրոսյանը:
Լուսանկարում` Զարեհ Մարտիրոսյանը
Նա պատմել է նաև, որ նոր եկածներից շատերը ցանկանում էին եկեղեցական միության անդամ դառնալ:
«Մենք տեսանք, ով շնորհքով է, ասացինք՝ կընդունենք: Բայց նրանցից մեկին բերեցինք, առաջին ժողովում ասաց՝ ես հինգ հազար եվրոյի պետք ունիմ: Մենք բացատրեցինք, որ իրավունք չունենք դրամ տալու, միության դրամը օգտագործվում է միայն եկեղեցու կարիքների և հոգևոր հովվի ծախսերի համար: Նրանք չէին հավատում ու չէին հասկանում, թե ինչ է Սփյուռքի կյանքը»,- պատմել է նախկին ատենապետը:
Տեղի ունեցածի մասին տեղեկացել է տեղի ոստիկանությունը, և մի օր մի կին ոստիկան դիմել է Զարեհ Մարտիորսյանին՝ նշելով, որ, համաձայն ֆրանսիական օրենքների, իրեն չեն կարող արգելել եկեղեցի մտնել: Նա առաջարկել է ատենապետին հաջորդ կիրակի մասնակցել պատարագին:
«Պայմանավորվեցինք և գնացինք եկեղեցի, նա քաղաքացիական հագուստով էր, ես փողոցի երկաթե դռնով ուզում էի ներս մտնել: Էլի եկան, ասացին՝ իրավունք չունես ներս մտնելու: Ես ասացի՝ տղաներ մի անեք, մենք այստեղ ամենքս եղբայր ենք, այս գործերը փողոցում չպետք է լուծվեն, անհարմար է, ժողով անենք՝ հարցը լուծենք, ասացին՝ ոչ: Էդ կինը եկավ, ասաց՝ դուք իրավունք չունեք նրան ներս չթողնելու: Նրանք էլ ասացին՝ դու ի՞նչ գործ ունես, որ խառնվում ես մեր գործերին, դուք օտար եք: Այդ կինն իր թուղթը հանեց, ցույց տվեց: Իմացան, որ ոստիկան է, ավելի կատղեցան, ասացին՝ հաա, դուր մեր վրա ոստիկան ես բերել: Բայց ոստիկան կանչողը ես չեմ, նա ինքն էր եկել: Նրանք շարունակեցին, չվախեցան, իսկ այդ կինը պատրատսված էր եկել, նա կապ տվեց և երկու վայրկյան հետո մի քսան արդեն համազգեստով ոստիկաններ եկան, բայց նրանք սրանց էլ անպատվեցին: Այս ընթացքում նման խուլիգանություն մենք Նիսում չէինք տեսել հայերի մեջ:
Ֆրանսիացի ոստիկանները նրանց առան-տարան ու մեզ ասացին՝ ներս համեցեք: Կին ոստիկանը ներս մտավ եկեղեցի: Վաչեն պատարագ էր անում մենակ՝ մարդ էլ չկար: Նա Վաչեին խնդրեց, որ իջնի, խնդիրը լուծի: Նա էլ չի իջնում: Այդ ժամանակ ոստիկանը բղավեց, որ շուտ իջի, թե չէ ինքը կբարձրանա խորանի վրա, Վաչեն դուրս եկավ քահանայի հագուստով ու սկսեց խոսել ոստիկանների հետ: Բայց հաջորդ կիրակի նորից շարունակվեց նույնը, և ամեն կիրակի այնտեղ ոստիկաններ էին գալիս»,- նշել է Մարտիորսյանը:
Երբ վերջինս Նորվան սրբազանին տեղյակ է պահել տիրող իրավիճակի մասին և խնդրել է միջամտել, Սրբազանն ասել է, որ նրանք վարվեն այնպես, ինչպես իրենց հետ են վարվում:
«Ես էլ ասում եմ՝ Սրբազան, կռիվ անե՞նք նրանց հետ, իրար մեռցնե՞նք»:
Իրավիճակը հայ համայնքում այնքան է սրվել, որ Մարտիրոսյանին իրենց հեռախոսահամարներն են տվել Նիսի ոստիկանապետը և գլխավոր դատախազը՝ ասելով, որ իրեն վտանգ է սպառնում Վաչեի խմբի կողմից և ցանկացած ոտնձգության դեպքում ինքը իրավապահ մարմիններին անպայման տեղյակ պահի:
Դատախազը նաև խորհուրդ էր տվել, որ իրենք պնդեն, որ գործը մտնի դատարան: Դրանից հետո արդեն տեր Վաչեին փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել:
Նշենք, որ առաջին ատյանի դատարանը մեղադրական վճիռ չի կայացրել, և մեղադրող դատախազը դիմել է Վերաքննիչ դատարն: Գործով դատաքննությունն այս պահին շարունակվում է:
Նախկին ատենապետը ցավով նշել է, որ նախկինում հայերի շրջանում, երբեք նման ամոթալի բան տեղի չէր ունեցել, իսկ այդ միջադեպից հետո օրեր շարունակ հայերի մասին բացասական երանգավորմամբ հոդվածենր են հրապարակվել ֆրանսիական թերթերում:
Մարտիրոսյանի խոսքով՝ մինչ դատաքննության մեկնարկը Տեր Վաչեի խումբը խոչընդոտել է նաև եկեղեցու վարչության ընտրությունները: Երբ նոր վարչությունը պետք է ընտրվեր, քահանայի խմբի անդամները ներխուժել են եկեղեցի, կռիվ են արել՝ կոտրելով եկեղեցու սրահի պատերը, ապակիները, թրերը:
Լուսանկարում՝ Տեր Վաչեն
Այս մասին ատենապետը տեղեկացրել է Նորվան սրբազանին, ով ասել է, որ 2010 թվականի հունվարի 6-ին Նիսում պետք է պատարագ անի և լուծի հարցը:
Պատարագից հետո վարչության անդամները հանդիպել են Նորվան սրբազանի հետ՝ առանց Տեր Վաչեի, ինչը վերջինիս դուր չի եկել, և նա էլ առանձին է հանդիպել Նորվանի հետ:
Այնուամենայնիվ, Սրվազանը չի կարողացել հարցը լուծել, և ականատես է եղել, թե ինչպես են խմբավորման անդամները սպառնում վարչության անդամներին:
«Մյուս երկու-երեք օրերին, որ գնացինք ոստիկանապետի հետ խոսելու, նա ասաց՝ Սրբազանին խորհուրդ է տվել Տեր Վաչեին Նիսից տանել ուրիշ տեղ, որովհետև եթե նա այստեղ մնա, թե եկեղցու համար, թե իր համար լավ չի լինի: Նորվան սրբազանը չկարողացավ ուրիշ տեղ տանել, ոստիկաններն արդեն իսկ հետապնդում էին նրան: Ասել էին՝ տար, որ դատարան չընկնի, բայց չկարողացավ տանել, և Վաչեն ընկավ դատերի մեջ»,- նշել է Զարեհ Մարտիրոսյանը:
Դրանից հետո էլ եկեղեցում ամեն կիրակի պատարագ է արել Գրիգոր աբեղան, սակայն եկեղեցու վարչությնա նոր ընտրություններից տասն օր առաջ նա սկսում է պատարագ մատուցել կաթոլիկ եկեղեցում՝ պատճառաբանելով, թե այդ եկեղեցին փոքր է Սուրբ Ծննդյան պատարագը մատուցելու համար:
«Բայց 80 տարի միշտ այնտեղ է եղել, պատճառ չկար: Նրանք որոշում էին կայացրել, որ հեռանան մեր պատմական եկեղեցուց: Այնուհետև Նորվան սրբազանն ասաց, որ մեր եկեղեցում չպետք է լինի պատարագ: Հոգևորականը գնաց, ու որոշ ժամանակ եկեղեցին մնաց առանց հոգևորականի: Ես կարծում եմ, որ Սսրբազանը Էջմիածնին տեղյակ պահած կլիներ, և մենք ենթադրում ենք, որ այդ որոշումը Էջմիածնից էր եկել», – ասել է Զարեհ Մարտիրոսյանը:
Համայնքում կարծիք է ձևավորվել, որ Էջմիածինը ցանկանում է փակել Նիսի եկեղեցին:
Վերջիվերջո Նիսի հայ համայնքը ընդունել է ներկայիս եկեղեցական խորհուրդը, որը բաղկացած է եղել հնաբնակներից, բայց այժմ համայնքի մի մասը այցելում է Սուրբ Աստվածածին եկեղեցի, մի մասը՝ կաթոլիկ եկեղեցի, իսկ մյուս մասն էլ՝ ոչ մի տեղ չի գնում:
«Ես Թուրքիայի հայ եմ, 1978 թվին եմ Ֆրանսիա եկել: Մենք շատ ծանր պահեր ենք անցկացրել այնտեղ եկեղեցիների պատճառով, դժվար էր, բայց այսօր ինձ ցավ է պատճառում, որ Թուրքիայում բացվում ու վերանորոգվում են հայկական եկեղեցիներ, իսկ մենք այստեղ ունենք եկեղեցի, որը ուզում են փակել, ես դա չեմ հասկանում»,- ասել է Զարեհ Մարտիրոսյանը: