«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանն անձամբ սատարելու է ՀՀ գործող նախագահ, ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Սերժ Սարգսյանին: Այս մասին նա երեկ ասել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում:
«Ես, որպես քաղաքապետ, սատարում եմ գործող նախագահին, էլ հարցեր մի տվեք»,- ասել է Հակոբջանյանը:
Թերթը նշում է, որ Հակոբջանյանը, փաստորեն, ԲՀԿ-ական արդեն երկրորդ քաղաքապետն է, ով, չնայած առաջիկա նախագահական ընտրություններում որևէ թեկնածուի չսատարելու ԲՀԿ-ի որոշմանը, հայտարարում է Սերժ Սարգսյանին սատարելու մասին: Երկու օր առաջ Սարգսյանին սատարելու որոշման մասին հայտնել էր Գյումրու ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով ասել էր, որ իր որոշման մասին նախապես տեղեկացրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: