ՀՀ գործող նախագահ, ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրն ընդգրկում է քայլեր, որոնք անհրաժեշտ են Հայաստանի պետության և հասարակության զարգացման համար և որոնք ներառում են կյանքի բոլոր ոլորտները: Այս մասին այսօր Կապանում նախընտրական հանդիպման ժամանակ ասել է Սերժ Սարգսյանը:
«Կապանը Հայաստանի այն բնակավայրերից է, որն Արցախյան ազատամարտի օրերին իր վրա անմիջականորեն զգացել է պատերազմի ողջ սարսափները, ավերիչ ռմբակոծություններն ու տագնապները: Եվ դուք, սիրելի՛ կապանցիներ, համոզված եմ, որ բացատրության կարիք չունեք, թե ինչ է նշանակում «Ապահով Հայաստան»: «Ապահով Հայաստան» սյունեցիների համար առաջին հերթին նշանակում է խաղաղություն: Իսկ խաղաղություն հակառակորդին կարող է պարտադրել միայն ու միայն հզոր բանակը: Անցած ժամկետում մենք այդ ուղղությամբ աշխատել ենք և, թույլ տվեք ասել, որ վատ չենք աշխատել: Այստեղ ունենք լուրջ հաջողություններ, որոնք առաջիկա հինգ տարիների ընթացքում բազմապատկվելու են: Վերջին զինավարժությունները ի ցույց դրեցին մեր բանակի հնարավորությունների մի փոքրիկ մասը միայն, բայց հասկացողների համար դա էլ բավարար էր ընկալելու, որ մեր տարածաշրջանում կա խաղաղությունն ապահովող երկաթե երաշխիք, և այդ երաշխիքը Հայկական բանակն է», – ասել է Սերժ Սարգսյանը:
Ընտրվելու դեպքում իր անելիքները ներկայացնելով՝ Սարգսյանը նշել է, որ իշխանությունը պարտքեր ունի սյունեցիների առաջ, որոնք պետք է մարվեն:
«Մենք ունենք անավարտ ծրագրեր, որոնք էականորեն և դրական առումով փոխելու են Սյունիքի սոցիալ-տնտեսական նկարագիրը: Այդ ծրագրերի մի մասն արդեն ընթացքի մեջ է: Եկել եմ ձեր աջակցությունն ստանալու այդ գործերը հաջող ավարտին հասցնելու համար», – հայտարարել է նախագահի թեկնածուն:
Սարգսյանն ասել է, որ գրեթե մեկ ամիս հետո հայաստանյան իրականության մեջ տեղի են ունենալու իրադարձություններ, որոնք կարող են կտրուկ փոխել Հայաստանի զարգացման հետագա ընթացքը:
«Խոսքս լավ, արդար, ազատ ընտրությունների կազմակերպման մասին է: Այնպես է ստացվել, իրերն այնպես են դասավորվել, որ հիմա մենք ունենք աննախադեպ հնարավորություն այդպիսի ընտրություններ կազմակերպելու: Ճիշտ է, որոշ մարդիկ և ոչ միայն մեր երկրում, փորձում են մեզ մեղադրել, որ ուժեղ մրցակիցներ չկան: Կարծես իշխանությունների գործը այն է, որ իր համար մրցակիցներ ստեղծի և հետո հերոսաբար հաղթահարի այդ խոչընդոտը: Իհարկե, դա մեր խնդիրը չէ: Մեր խնդիրը մրցակցային դաշտ ստեղծելն է: Մեր խնդիրն է՝ հնարավորություն տալ յուրաքանչյուրին, ով ցանկանում է առաջադրվել և պայքարել, որպեսզի նա այդ հնարավորություններից կարողանա լիարժեքորեն օգտվել: Գիտեմ նաև՝ շատերը դեմ են նրան, որ ամեն պատահական մարդ առաջադրվի և փորձի իրեն ճանաչելի դարձնել ողջ հանրապետությունում: Բայց, սիրելի՛ սյունեցիներ, սիրելի՛ կապանցիներ, ճիշտ ճանապարհը սա է: Մենք որևէ մեկին մեղադրելու իրավունք չունենք ոչ առաջադրվելու և, մանավանդ, ոչ էլ չառաջադրվելու համար: Լավ ընտրություններն անհրաժեշտ են, որպեսզի մենք կարողանանք մեր երկրում լիաթոք առաջ տանել բարեփոխումները: Եթե մենք չկարողանանք լավ ընտրություններ անցկացնել, եթե մեզ պետք է մեղադրեն չարաշահումների մեջ, նշանակում է, որ մենք արժանի չենք առաջնորդելու մեր ժողովրդին», – ասել է Սերժ Սարգսյանը: