2013-ի նախագահական ընտրությունների մեկնարկին ստեղծված քաղաքական իրավիճակը, թեև ունի որոշակի նմանություններ նախկին ընտրությունների մեկնարկային փուլի հետ, սակայն շատ առումներով նաև տարբեր է և պարունակում է լիովին նոր տարրեր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՌԱՀՀԿ փորձագետ, քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը:
«Իշխող վարչախումբը շարունակում է ունենալ լեգիտիմության մեծ դեֆիցիտ և ընտրությունների մեջ է մտել իր ուսերին ծանրացած բազմաթիվ չլուծված խնդիրներով: Սարգսյանի պաշտոնավարության ժամկետի վերջում Հայաստանում առկա ռեժիմի բնույթը մնում է այնպիսին, ինչպիսին էր մինչև նրա պաշտոնավարման սկիզբը՝ ոչ ժողովրդավարական», – ասել է բանախոսը:
Նրա հավաստմամբ՝ Սարգսյանն ու իր թիմը սեփական վերարտադրումը ապահովելու համար ընտրել են «փափուկ», մանիպուլյատիվ քաղաքական մարտավարությունը, և հակված են հիմնականում օգտագործել վարչական ռեսուրսը և փաստաթղթերի հետ կատարվող մեքենայությունները և ոչ թե բիրտ ուժը:
Բանախոսը նշել է, որ նման ընտրություն է կատարվել հաշվի առնելով այն, որ մի կողմից՝ ընդդիմադիր ուժերի ճակատում կոնֆլիկտային, անորոշ իրավիճակ (որն, ի դեպ, ստեղծվել է ոչ առանց իշխանությունների մասնակցության) և չկա հզոր ընդդիմադիր շարժում, իսկ մյուս կողմից՝ միջազգային հանրությանն հստակ մեսիջը, որ վարչախմբի համար խիստ անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսները և արևմուտքի կողմից որոշակի քաղաքաական աջակցությունը կտրամադրվեն այն դեպքում, երբ ընտրությունները միջազգային հանրության կողմից ավելի լավ գնահատականի արժանանան, քան բոլոր նախկինները:
Վարդանյանը կարծիք է հայտնել, որ վարչախումբը, այսպես ասած՝ «ֆորտչկաներ» է բացել, մի կողմից՝ հասարակությունում կուտակված դժգոհությունը դրանց միջոցով դուրս հանելու, մյուս կողմից էլ՝ Արևմուտքի առջև ռեֆորմատորի կերպար ստեղծելու նպատակով:
«Ի տարբերություն իր նախորդի, Սարգսյանը և նրա թիմը սև PR գրեթե չեն օգտագործում, սակայն ԶԼՄ-ների և հիմնականում հեռուստատասության միջոցով նրանք մնացած բոլոր թեկնածուների համար նրբորեն ստեղծում են անլուրջ, ժողովրդի լեզվով ասած՝ «թեթևսոլիկի» կերպար», – ընդգծել է վերլուծաբանը:
Վարդանյանը նաև ասել է, որ վարչախմբի համար արդեն իսկ առաջացել են որոշակի խնդիրներ, որոնք ունեն պոտենցիալ՝ հիմնովին խառնելու վարչախմբի խաղաքարտերը:
«ԵԽԽՎ պատվիրակությունը վերջերս ընտրությունների վերաբերյալ բավական կոշտ հայտարարություններով հանդես եկավ, ինչին հետևեց իշխանությունների զգացմունքային պատասխան-քննադատությունը, ինչը վկայում է, որ վարչախումբը խիստ անհանգստացած է այդ հայտարարության հնարավոր հետևանքներով», – ասել է մասնագետը:
Քաղաքաետի կարծիքով՝ նախագահական ընտրությունների մասնակիցներից ոմանք գտնում են, որ այս ընտրություններն առիթ են ստեղծում ռադիկալ փոփոխությունների համար:
«Պետք է մասնակցել ընտրություններին, մոբիլիզացնել հասարակությանը, հարվիրել ընտրատղամաս և քանի որ իշխանությունները, այսպես ասած, մոնիտորինգի տակ են և չեն կարողանալու բիրտ կերպով ճնշել ժողովրդին, մյուս կողմից էլ ՝ հասարակությունը ավելի է հասունացել ժողովրդավարական փոփոխությունների համար, ուստի ընդդիմադիր կեցվածք ունեցող քաղաքացիների ակտիվ, բարձր մասնակցության պարագայում հնարավոր է հասնել հաջողության և իշխանափոխություն անել, դրանով իսկ սկիզբ դնել դեմոկրատական ռեժիմի հաստատմանը: Այդ դիրքորոշմամբ են ընտրություններին մասնակցում, օրինակ, Րաֆֆի Հավհաննիասյանը, Հրանտ Բագրատյանը»,- ասել է վերլուծաբանը:
Նա նաև շեշտել է՝ եթե այսօր Հայաստանում ընդդիմադիր թեկնածուները ցանկանում են ընտրություններին հաջողության հասնել, ապա առաջին հերթին պետք է նպաստեն նոր, հղոր ընդդիմադիր շարժման ստեղծմանը:
«Նրանք պետք է կարողանան գտնել հետևյալ հարցի պատասխանը՝ «ի՞նչ ես անելու ոչ դեմոկրատական ռեժիմի պայմաններու կազմակերպվող ընտրություններին հաղթանակելու համար, քանզի միայն սովորական նախընտրական քարոզչությամբ հնարավոր չէ հաղթել հակադեմոկրատական վարչախմբին, այլապես, եթե այդպես հնարավոր լինի, կնշանակի, որ այդ ռեժիմը առնվազն էլեկտորալ ժողովրդավարություն է», – ասել է Վարդանյանը:
Վերլուծաբանը կարծում է, որ այդ հանրության համար միավորող գործոն կարող է լինել «ընդդեմ ռեժիմի» գաղափարը:
«Այս առումով բոլոր ընդդիմադիր ուժերը ՝ օգտվելով այն հանգամանքից, որ ընտրությունների փուլում քաղաքականությունը հայտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում, ամենը թեկուզև մնալով ընտրությունների վերաբերյալ սեփական մոտեցման դիրքերում, կարող են «ընդդեմ ոչ դեմոկրատական ռեժիմի» օրակարգով համագործակցել և կազմակերպել քաղաքացիների ակտիվ, խաղաղ գործողություններ՝ ստեղծելով ռեժիմին դիմակայելու մթնոլորտ», – եզրափակել է բանախոսը: