Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) սկսել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործով դատարան ներկայացված երեք դիմումներից երկուսի քննությունը, որոնք դատարանը որոշել է միավորել մեկ վարույթի շրջանակներում և քննել որպես մեկ գործ: Դատարանը նաև որոշել է Գագիկ Ջհանգիրյանի եղբոր՝ Վարդան Ջհանգիրյանի գործով դատարան ներկայացված երկու դիմումները միավորել մեկ վարույթի շրջանակներում և քննել որպես մեկ գործ: Այս մասին հայտնում են Ջհանգիրյան եղբայրների փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը և Արա Ղազարյանը:
Գործի փաստերը վերաբերում են 2008թ. փետրվարի 22-ին Ազատության հրապարակում Գագիկ Ջհանգիրյանի հնչեցրած ելույթին և դրան հետևած իրադարձություններին՝ նրան և եղբորը Արգավանդի խաչմերուկից բերման ենթարկելու, ձերբակալելու, մեղադրանքի առաջադրման, խափանման միջոցի կալանքի նշանակման ու հետագայում ժամկետների երկարաձգման, նրա հարազատների նկատմամբ հետապնդումներին, ինչպես նաև գործով ըստ էության դատաքննության հանգամանքներին:
2012 թվականի դեկտեմբերի 11-ին եվրոպական դատարանը որոշում է կայացրել գանգատը ծանուցել ՀՀ կառավարությանը՝ առաջադրելով մի շարք հարցեր: Մասնավորապես, Գագիկ Ջհանգիրյանի մասով ՄԻԵԴ-ը հարցրել է՝ արդյոք 2008-ի փետրվարի 23-ին, ժամը 11:30-ից մինչև Կենտրոն և Նորք Մարաշ դատարանի կողմից փետրվարի 27-ին կալանքի մասին որոշում կայացնելու պահը դիմողին ազատությունից զրկելը օրինական էր, արդյոք դիմողի ձերբակալումը հիմնված էր ողջամիտ կասկածի վրա առ այն, որ նա կատարել էր իրավախախտում, արդյոք դատարանները տրամադրել են «վերաբերելի» ու «բավարար» պատճառներ դիմողի կալանքի հիմքերը հիմնավորելու համար:
ՄԻԵԴ-ը նաև հարցնում է՝ արդյոք խախտվել է անաչառ դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքը, մասնավորապես, արդյոք այն փաստը, որ դատաքննությունը նախագահող Կենտրոն և Նորք Մարաշ շրջանների դատավոր Վ-ի որդին հանդիսացել էր այն քննչական խմբի անդամը, որը կատարել էր դիմողի քրեական գործի նախաքննությունը, չէր բարձրացնում դատավորի Վ-ի անկողմնակալության մասին լեգիտիմ կասկած:
Բացի դա, դատարանը հետաքրքրվել է՝ արդյոք դիմողի քրեական հետապնդումը և հետագայում նրա դատապարտումը չեն հանգեցրել նրա ազատ արտահայտվելու իրավունքի և խաղաղ հավաքների իրավունքի միջամտությանը և արդյոք քրեական հետապնդման ենթարկվելու և դատապարտվելու արդյունքում դիմողը չի հանդիսացել իր քաղաքական հայացքների հիմքով խտրական վերաբերմունքի զոհ:
Գագիկ Ջհանգիրյանի կողմից ներկայացված երրորդ գանգատը, որը վերաբերում էր դասային աստիճանից զրկելու և աշխատանքից հեռացնելու փաստերին, դեռ չի ծանուցվել:
Ինչ վերաբերում է Վարդան Ջհանգիրյանը, որին ձերբակալելուց վիրավորել էր ոստիկանության աշխատակիցը, ապա նրա գործով ՄԻԵԴ-ը հետևյալ հարցադրումներն է արել ՀՀ կառավարությանը.
«Արդյոք 2008 թվականի փետրվարի 23-ին Արգավանդի խաչմերուկում ոստիկանության աշխատակիցների կողմից ոստիկանական օպերացիայի ընթացքում դիմողի նկատմամբ կիրառված ուժը համապատասխանում էր Մարդու իրավունքների Կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված երաշխիքներին: Արդյոք ոստիկանության աշխատակիցները դիմողին տրամադրել են շտապ ու պատշաճ բժկական օգնություն ոստիկանական օպերացիայից հետո և ձերբակալման տակ գտնվելու ամբողջ ժամանակահատվածում: Եթե ոչ, արդյոք նման բժշկական օգնություն չտրամադրելը չի խախտել Կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված դիմողի իրավունքները: Արդյոք մինչդատական կալանքի տակ գտնվելիս դիմողին տրամադրվել է պատշաճ բժշկական օգնություն: Արդյոք դիմողը ենթարկվել է արգելված վերաբերմունքի Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո այն հիմքով, որ չնայած նրա առողջական վատ վիճակին, նրան պարտադրվել է ներկայանալ ու մասնակցել դատաքննությանը և՛ կալանքի տակ գտնվելու ընթացքում, և՛ նրան ազատ արձակելուց հետ, ինչպես նաև, որ նրան դատարան են տեղափոխել բանտի մեքենայով, որը հարմարեցված չէր առողջական խնդիրներ ունեցող կալանավորներին տեղափոխելու համար: Արդյոք դիմողի կալանքը 2008 թվականի ապրիլի 24-ից մինչև հունիսի 16-ը օրինական էր»: