Դատարանը մինչ վերջնական վճիռ կայացնելը բավարարել է ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանի պահանջն ու արգելել demotivator.am կայքի սեփականատեր Էդգար Բարսեղյանին հրապարակել և տարածել հայցվորին վերաբերող որևէ նյութ, և պարտադրել է համացանցից հանել հայցի առարկա հանդիսացող մոնտաժված լուսանկարը, գրում է «Հրապարակը»:
Հիշեցնենք, որ դեմոտիվատորը կրում է «Տարվա ոճային քաղաքական գործիչը» գրառումը և Ուրիխանյանի դեմքով կիսամերկ մոդելի նկար: Ուրիխանյանը պահանջում է դեմոտիվատորը վիրավորանք համարել և բլոգերից բռնագանձել 1 միլիոն 530 հազար դրամ (փոխհատուտցում դատական ծախսերի, պետական տուրքերի համար):
Բլոգեր Էդգար Բարսեղյանն ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում ասել էր, որ դեմոտիվատորի գաղափարն առաջացել է, երբ ինքը տեսել է kamoblog.am-ի կողմից Ուրիխանյանին «Տարվա ամենաոճային քաղաքական գործիչ» ճանաչելու մասին լուրը:
Բլոգերը բացատրել է, որ դեմոտիվատոր պատրաստելով՝ հայտնել է իր տեսակետը այն մասին, որ քաղաքական գործիչը չպետք է հպարտանա, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կիսվի այդ լուրով, քանի որ քաղաքական գործչի նյութը չպետք է տեղ ունենա շոու բիզնեսի մասին կայքում:
«Այո, ես կարծում եմ, որ ոճայնությամբ հպարտանալը մանեկենուհիների, դերասանուհիների և այլ գեղեցկուհիների մենաշնորհն է»,- ասել էր Բարսեղյանը՝ նշելով, որ իր այս տեսակետն արտահայտելու համար իրեն դատի տալ չի կարելի:
Ուրիխանյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ բլոգերը «իշխանական կայքի» (Ուրիխանյանը կայքի անունը չէր նշել) աշխատող է և փորձել է վիրավորել իրեն, քանի որ ինքը միշտ քննադատում է իշխանություններին, հայտարարում, որ Հայաստանում կան խնդիրներ, որ կան մարդիկ, ովքեր վատ են ապրում:
Այդ դիտարկումը Էդգար Բարսեղյանը աբսուրդային է համարել: Նա ասել է, որ այդ տեսակետից իր համար քաղաքական ուժերի միջև տարբերություն չկա, և ինքը բոլոր կուսակցությունների անդամների նկարներով դեմոտիվատորներ է ստեղծել: Բացի դա, Բարսեղյանն ասել է, որ Ուրիխանյանին ընկալում է, առաջին հերթին, որպես անձ, պատգամավոր: