Արդեն երկու օր է, ինչ «Նաիրիտ գործարան» ընկերության աշխատակիցները առավոտյան հավաքվում են ձեռնարկության այցակետի մոտ՝ դեպի նախագահական շարժվելու մտադրությամբ, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Այդ ակցիան հասունացել էր դեռ երկու օր առաջ՝ հունվարի 22-ին: «Ինչպե՞ս է լինում, որ ֆինանսական մեծ ճեղքվածք ունեցող գործարանում ղեկավար պաշտոններ զբաղեցնող մարդիկ մեկ ամսում ստանում են մեր մեկ տարվա աշխատավարձը», – բարձրաձայն դժգոհել են գործարանի մուտքի մոտ կուտակվածները: Ինչպես հայտնի է, անցյալ տարեվերջին ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, որ 2013 թվականի հունվարին «Նաիրիտի» հարցը կլուծվի: Հունվարն ավարտվում է, գրում է հոդվածագիրը, բայց նախարարից ձայն չկա:
Ըստ թերթի աղբյուրների, երեկ երեկոյան գործարանի ղեկավարությունը արտադրության պետերին հավաքել է և հայտնել, որ մյուս շաբաթվա վերջում կլինի աշխատավարձը, սակայն հասարակ աշխատողները չեն հավատում տնօրենին և այսօր մտադիր են կրկին այցելել Բաղրամյան 26: Հիշեցնենք, որ նախորդ անգամ նրանք նախագահականի մոտ ակցիա էին անցկացրել նոյեմբերի 26-ին:
Գործարանի աշխատակիցները համաձայնել են տեղեկություններ տրամադրել «Հրապարակ»-ին պայմանով, որ իրենց անձի գաղտնիությունը պահպանվի, քանի որ տեղեկատվական արտահոսքի համար գործարանում խիստ են պատժում: Օրինակ, նրանք պատմեցին, որ 55 տարեկան մի կին հունվարի 22-ին մուտքի մոտ հավաքվածներից առավել ակտիվ է իր բողոքն արտահայտել: Տնօրեն Հախինյանն իսկույն զանգել է նրա պետին՝ հրահանգելով, որ վերջինս անմիջապես այդ կնոջ ազատման հրամանը տա:
«Համընդհանուր վախն է պատճառը, որ նոյեմբերի 26-ի միտինգից հետո «Նաիրիտի» աշխատակիցները լռում էին այնտեղ կատարվող անօրինականությունների մասին», – նշում է թերթը:
Աշխատողներն ընդգծում են, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տնօրինությունն այնքան է վստահ իր անպատժելիության մեջ, որ հիմա էլ աշխատաքիցներից տեղեկանքներ է հավաքում ընտանիքի չափահաս և ընտրության իրավունք ունեցող անձանց վերաբերյալ:
Թերթը նշում է, որ, հավանաբար, «Նաիրիտի» ղեկավարությունը, ընտրակեղծարարության նախապատրաստվելով, այսկերպ ուզում է նախագահի աչքը մտնել և փոխհատուցել իր անշնորհք ղեկավարության նրա վարկանիշին հասցրած վնասը, իրականում, սակայն, արջի ծառայություն մատուցելով գործող նախագահին:
«Ում էլ խոսացնես, կասեն: Սերժը եթե չի կարողանում ձեռքը խփի սեղանին-ասի՝ «Նաիրիտը» պետք է աշխատի, մենք էլ ո՞նց հավատանք նրան», – ասում են վրդովված բանվորները: Այնուամենայնիվ, աշխանողներից ոմանք աշխատատեղը կորցնելու վտանգի առաջ բերել են պահանջվող տեղեկանքները: