Էրեբունի վարչական շրջանի թաղապետարանի դիմացի գազալցակայանում, որը պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր), վարորդները երեկ «բունտ» են արել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթը նշում է, որ գազալցակայանում բոլոր հաճախորդներին պարտադրում են տալ հավելյալ 500 դրամ՝ պատճառաբանելով, թե դա «թեյավճար» է:
«Բայց թեյավճարը տալիս են կամովին՝ այդ աշխատանքն արած մարդուն: Եթե հիմա գազը լիցքավորվում է ավտոմատ, ո՞ւմ է հասնում իմ տված 500 դրամը», – դժգոհել է խմբագրություն զանգահարած քաղաքացին:
Թերթը փորձել է պարզաբանումներ ստանալ Մհեր Սեդրակյանից, սակայն նրա հեռախոսին պատասխանել է օգնական ներկայացած Սերգեյ Բաղդասարյանը.
«Հիմա որ մեկը հանում ու չաեվո է տալիս, ի՞նչ անեն, հրաժարվե՞ն: Տենց բան չկա, որ պահանջեն, էտի աբսուրդ ա: էտի ում մտքով անցնում ա, հանում, չաեվո են տալիս: Եթե պահանջեն, ուրեմն տենց մարդուն կբռնենք ու կհեռացնենք աշխատանքից»: