Home / Հայաստան / «Պանիխիդաս ա, պատրաստվում եմ թաղմանս». Նժդեհի դերակատարը՝ «վթարի» մասին

«Պանիխիդաս ա, պատրաստվում եմ թաղմանս». Նժդեհի դերակատարը՝ «վթարի» մասին

«Գարեգին Նժդեհ» ֆիլմում Նժդեհին մարմնավորած դերասան Արտաշես Ալեքսանյանն այսօր չմասնակցեց ֆիլմին նվիրված ասուլիսին ՝ պատճառաբանելով, որ վթար է տեղի ունեցել ու ավելի ուշ կմիանա լրագրողների հետ հանդիպմանը:

«Շրջվել է ընկերոջս մեքենան, ու հիմա վթարի վայրում ենք, օգնում ենք, այդ պատճառով մի 20 րոպե կուշանամ», – ակումբավարի հետ հեռախոսազրույցում ասել է դերասանը՝ ընդգծելով, որ ինքը գալու է Շիրակից:

30 րոպե անց ակումբավարը կրկին զանգահարել է Ալեքսանյանին՝ պարզելու՝ կհասցնի՞ արդյոք մասնակցել հանդիպմանը, սակայն Նժդեհի դերակատարը չի պատասխանել հեռախոսազանգերին:

«Վթարը պարզապես պատճառ էր, որոշել են թույլ չտալ դերասանին ֆիլմի պրեմիերայից առաջ ներկայանալ հանրությանը՝ ուղղակի արգելել են», – հեռացող լրագրողներին ասել է հանդիպման մեկ այլ մասնակից, ռեժիսոր Արշակ Զաքարյանը:

Մոտ 40 րոպե ուշացումով դերասանը, այնուամենայնիվ, հասել է ասուլիսին:

Epress.am-ը փորձել է դերասանից ճշտել ուշացման պատճառը: «Հիմա պանիխիդաս ա, պատրաստվում եմ թաղմանս», – կատակով ասել է դերասանը՝ նկատի ունենալով համացանցում տարածված լուրը, թե ինքը վթարի է ենթարկվել:

Մեր զրուցակիցը նշել է, որ ընկերոջ մեքենան անսարքություններ է ունեցել, և ինքը պարզապես տեղ է հասցրել մեքենայի անհրաշետ մասերը, որից հետո, իր խոստման համաձայն, եկել է ասուլիսի:

Լուսանկարը՝ Bravo.am-ի