Home / Հայաստան / ՀԱԿ ակտիվիստների բողոքը կրկին պետք է ներկայացվի Վճռաբեկ դատարան

ՀԱԿ ակտիվիստների բողոքը կրկին պետք է ներկայացվի Վճռաբեկ դատարան

Այսօր ՀՀ Վճռաբեկ դատարանը, դատավոր Դավիթ Ավետիսյանի նախագահությամբ, քննելով ՀԱԿ ակտիվիստների Վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ դատարանի դեմ, բողոքը մերժելու մասին որոշում է ընդունել: Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը դատապարտվել են 2-ից 6 տարվա ազատազրկման:

Ըստ Datalex տեղեկատվական համակարգում տեղադրված հայտարարության՝ որպես որոշման հիմք բերվել է այն պատճառը, թե բողոքը չի համապատասխանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի պահանջներին:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բողոքաբերների ներկայացրած Վճռաբեկ բողոքի հիմքերը և հիմնավորումները վերաբերում են թե՛ ամբաստանյալներին վերագրվող արարքներում հանցակազմերի բացակայությանն ու նրանց նկատմամբ նշանակված պատժին, և թե՛ ապացույցների ստուգմանը, գնահատմանն ու դատաքննության ընթացքում թույլ տրված այլ դատավարական խախտումներին:

Սակայն որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք ներկայացված` ենթադրյալ դատական սխալի արդյունքում ծանր հետևանքների առաջացումը բողոքաբերները կապել են միայն նրանց նկատմամբ նշանակված պատժի հետ, ինչը Վճռաբեկ դատարանին հնարավորություն չի ընձեռում պարզելու, թե ներկայացված բողոքը պետք է քննության առնվի միայն նրանց նկատմամբ նշանակված պատժի խստության, թե նաև նրանց անմեղության առումով:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հնարավոր է համարել բողոք բերած անձանց տրամադրել 20-օրյա ժամկետ կրկին ներկայացնելու համար: