«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության լրատվական ծառայությունը հայտարարություն է տարածել, որով հակադարձում է կուսակցության այլ երկու անդամների կողմից նախագահ Պետրոս Մակեյանի հասցեին հնչեցված «ապատեղեկատվություններին», սակայն անձնական վիրավորանքները չի մեկնաբանում՝ « թողնելով դա այդ անդամների խղճին, եթե այն դեռևս մնացել է»:
Հիշեցնենք, որ կուսակցության փոխնախագահ Ղուկաս Մեհրաբյանը և կուսակցության քաղխորհրդի անդամ Պետրոս Գևորգյանը ավելի վաղ հայտարել էին, որ Մակեյանն իրարամերժ հայտարարություններ է անում ՀԱԿ-ի հասցեին:
Ըստ ԺՀԿ-ի հաղորդագրության՝ սուտ է Մեհրաբյանի այն հայտարարությունը, թե իշխանության հետ երկխոսությունում Կոնգրեսի պատվիրակության կազմի ընդունմանը ներկա է եղել և իր համաձայնությունն է տվել նաև Մակեյանը: Աղբյուրը նշում է, որ Մակեյանը Կոնգրեսի քաղաքական խորհրդին սկսել է մասնակցել միայն 2011թ. դեկտեմբերից, իսկ իշխանությունների հետ երկխոսելու առաջարկը կուսակցությունում բացասական արձագանք է ստացել:
«ԺՀԿ քաղաքական խորհուրդը ունեցել է միասնական կարծիք՝ դեմ է եղել ԲՀԿ-ի հետ համագործակցությանը, ինչի մասին կուսակցության նախագահը արտահայտվել է հրապարակային: Իսկ այն որոշումը, որը ընդունվել է 2012թ. հոկտեմբերին, որտեղ հնարավորություն է տրվել Կոնգրեսի առաջնորդ Տեր-Պետրոսյանին նախագահական ընտրություններից առաջ բանակցել հավանական դաշնակից քաղաքական ուժերի հետ, կոնկրետ որևէ ուժ չի առանձնացվել, ինչը ևս Մեհրաբյանը խեղաթյուրել է: Նախագահական ընտրություններում սեփական թեկնածու չառաջադրելու և որևէ թեկնածուի չսատարելու դեկտեմբերի 26-ի ՀԱԿ քաղաքական խորհրդի որոշմանը Մեհրաբյանը համաձայնություն է տվել, ինչի իրավունքը նա չուներ, քանի որ դեկտեմբերի 25-ին ԺՀԿ քաղաքական խորհուրդը որոշում էր ընդունել նախագահական ընտրությունների ձևավաչափին անդրադառնալ հունվարի կեսերին»,-ասված է հայտարարության մեջ: