Շաբաթ օրը՝ հունվարի 26-ին, Հայաստանում Ամերիկյան համալսարանի մեծ դահլիճում տեղի է ունենալու ստոմատոլոգների համահանրապետական հանրահավաք: Հանրահավաքին ստոմատոլոգները պատրաստվում են ներկայացնել մասնագիտական համապարփակ վերլուծական փաստաթուղթ, որը վերաբերում է 2012 թվականի դեկտեմբերի 19-ին ընդունված «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում ժամանակավոր փոփոխություններին և ստոմատոլոգիական բուժօգնության բնականոն աշխատանքը կազմակերպելուն:
Հիշեցնենք, որ համաձայն նոր օրենքի՝ ստոմատոլոգները, այլ հարկերի հետ մեկտեղ, ստիպված են լինելու վճարել 80.000-100.000 դրամ՝ յուրաքանչյուր ատամնաբուժական բոռ-մեքենայի համար:
Նախագծի հեղինակները այդ օրը նաև ստորագրահավաք կանցկացնեն: Հայտարարության մեջ նրանք նշում են, որ հանրահավաքին մուտքն ազատ է լինելու, իսկ ստորագրահավաքին մասնակցողները պարտադիր պետք է ունենան անձնագիր:
Հայտարարության մեջ ստոմատոլոգները նշում են, որ ստոմատոլոգիական բուժօգնության վերաբերող դրույթներին կտրականապես դեմ են, առաջարկված մեղմացումների փաթեթը կրում է ժամանակավոր բնույթ, մինչև օրենքում փոփոխություններ կմտցվեն՝ հիմնված մասնագիտական վերլուծության վրա:
Ստոմատոլոգների նախաձեռնող խմբի առաջարկությունների փաթեթը ներկայացնում ենք ստորև.
Ստոմատոլոգներն առաջարկում են՝
1. Վերանայել արտոնագրային վճարի հարկադրույքը և սահմանել 30000 ՀՀ դրամ առաջին գոտում՝ կիրառելով համապատասխան գործակիցներ այլ գոտիների համար:
2. Չհարկել կլինիկաներին կից ռենտգեն դիագնոստիկ ծառայությունը, որը հիմնավորված չի հանդիսանում առանձին ծառայության ոլորտ` դրամական անկախ հոսքերով:
3. Կլինիկաներին կից գործող ատամնատեխնիկական լաբորատորիաները չհարկել, եթե այն չի հանդիասնում հիմնավորված առանձին ծառայություն՝ դրամական անկախ հոսքերով:
4. Մասնագիտացված(առանձին) ատամնատեխնիկական լաբորատորիաներին հարկել ըստ հրամանագրված մասնագետների (ատամնատեխնիկների):
5. Կլինիկաներում նախատեսել առաջնային զննման բազկաթոռ: Առաջնային զննման համար նախատեսված բազկաթոռը չհարկել:
6. Եթե կլինիկան հանդիսանում է ուսումնապրակտիկ բազա՝ համապատասխան պայմանագրային հիմքով, ուսումնապրակտիկ գործունեության համար նախատեսել բազկաթոռեր, որոնք ենթակա չեն հարկման:
7. Կիրառել 0,5 գործակից մանկական ստոմատոլոգիական ծառայություն իրականացնող կլինիկաների համապատասխան բազկաթոռների համար:
8. Պահանջվում է որևէ որոշում ընդունելուց առաջ, քննարկումներին մասնակից դարձնել ոլորտում գործող բոլոր հասարակական կառույցները.
Ա) ՀՀ ԱՆ Գլխավոր ստոմատոլոգի ինստիտուտը:
Բ) Բոլոր ստոմատոլոգիական ասոցիացիաները:
Գ) Ոլորտի հետ առնչվող պետական գրանցում ունեցող այլ հասարակական կառույցները:
Դ) Ստոմատոլոգների շրջանում ժամանակավրեպ ՕՐԵՆՔԻ քննարկումների համակարգող <<նախաձեռնող>> խումբ:
Ստոմատոլոգիական բուժօգնության հարկման օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծ.
1. Վերացնել <<բազկաթոռի հարկ>> հասկացությունը. Մտցնել <<բժշկի դրույքաչափ >> հասկացությունը և հարկել բժշկի դրույքաչափը: (Ընդունված «ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ (այսուհետ՝ ՕՐԵՆՔ) հարկելով <<անշունչ>> ստոմատոլոգիական բազկաթոռը՝ ստիպված ենք կլինիկաներում զմրսել <<ավելորդ>> բազկաթոռները: Նոր առաջարկված տարբերակի դեպքում վերանում է դրա անհրաժեշտությունը: Տարբեր բազկաթոռներ ունեն տարբեր հագեցվածություն, և դա թույլ կտա բժիշկներին տարբեր բազկաթոռների վրա անկաշկանդ կատարել իրենց մասնագիտական պարտականությունները ըստ հայտարարագրված դրույքաչափի և մասնագիտության պահանջների):
2. Սահմանել նվազագույն դրույքաչափ 0,5 դրույք, կիրառել հարկադրույք 10000 ՀՀ դրամ:
3. Կիրառել գործակիցներ ըստ մասնագիտական ստաժի՝ 1-5 տարի ստաժի դեպքում՝ 0.5 գործակից (ՕՐԵՆՔՈՒՄ չէին խրախուսվում երիտասարդ բժիշկների մասնագիտական գործնեությունը):
4. Մասնագետներին հրամանագրել ըստ դրույքաչափերի, որտեղ 0,5 դրույքը հավասարեցնել 3 աշխատանքային ժամին: Պայմանագրի մեջ նշել կոնկրետ աշխատաժամերը, մասնագիտությունը, ենթադրվող մասնագիտական գործունեությունը(մանկական, թերապևտիկ, օրթոպետիկ, վիրաբուժական, օրթոդոնտիկ, իմպլանտոլոգիական, ընդհանուր ստոմատոլոգիական ընդունելություն):
5. Կիրառել գործակիցներ՝ ըստ հայտարարագրված մասնագիտական գործունեության տեսակի(ՕՐԵՆՔՈԻՄ չէր դրվում տարբերություն, թե ինչ մասնագիտական գործունեություն է իրականացվում տվյալ բազկաթոռի վրա և ինչ շահութաբերություն է այն ապահովում): Մենք առաջարկում ենք հետևյալ գործակիցները ըստ ստոմատոլոգիական գործունեության ոլորտների.
Ա) Մանկական ստոմատոլոգիա-0,5:
Բ) Թերապևտիկ ստոմատոլոգիա – 1:
Գ) Օրթոպեդիկ ստոմատոլոգիա -1.2:
Դ) Վիրաբուժական ստոմատոլոգիա – 1:
Ե) Օրթոդոնտիա – 1:
Զ) Իմպլանտոլոգիա – 1.3:
Է) Ընդհանուր ստոմատոլոգիա(առանց իմպլանտոլոգիայի)-1,3:
Ը) Ընդհանուր ստոմատոլոգիա ( ներառյալ իմպլանտոլոգիան)- 1,5:
6. Կիրառել տարածքային դասակարգման գործոն՝ ըստ կադաստրային գոտիների(ՕՐԵՆՔԻ համեմատ ավելի մանրակրկիտ մշակել):
7. Կիրառել զրոյական հարկադրույք կլինիկական օրդինատորների և բժիշկ-ինտերների համար: Կլինիկաները պետք է ներկայացնեն հիմանավորող փաստաթուղթ որևէ բժշկական ԲՈՒՀ-ի ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսումնապրակտիկ բազա հանդիսանալու վերաբերյալ:
8. Հարկել ատամնատեխնիկական լաբորատորիաները ըստ հրամանագրված ատամնատեխնիկների դրույքաչափերի. 3 աշխանքային ժամն ընդունել 0,5 դրույք, որի համար նշանակել 10000 ՀՀ դրամ հարկադրույք:
9. Սահմանել զրոյական հարկադրույք կլինիկաներին կից ռենտգեն դիագնոստիկ ծառայության համար, որը հանդիսանում է բուժօգնության անհրաժեշտ միջամտություն և չի հանդիսանում առանձին եկամուտների աղբյուր:
10. Վերահաշվարկել արտոնագրային վճարը ըստ օրերի՝ հրամանագրված բժշկի, ատամնատեխնիկի հիվանդության, արձակուրդի դեպքերում՝ համապատասխան հիմնավոր փաստաթղթերի առկայության պարագայում:
11. Հայտարարագրումն իրականացնել ամսվա սկզբում, վճարումն իրականացնել ամսվա վերջում՝ համապատասխանաբար հաշվի առնելով փաստաթղթերով հիմնավորված հանգստի, հիվանդության պատճառներով չաշխատած օրերի պարապուրդը:
Ըստ նախաձեռնող խմբի՝ օրենքի փոփոխությունների առաջարկվող նախագիծը միանշանակ կավելացնի բյուջեի մուտքերը, քանի որ հիմնված է մասնագիտական համապարփակ վերլուծական եզրակացության և տնտեսական հաշվարկների վրա: Տվյալ նախագծում հաշվի է առնվում նաև բարոյահոգեբանական և բարոյաէթիկական գործոնները, որոնցով ընդուված ՕՐԵՆՔՈՒՄ բժիշկ-ստոմատոլոգները նույնականացվում են անշունչ առարկաների՝ ստոմատոլոգիական բազկաթոռների հետ: