Հունվարի 24-ին ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է իր նախագիծը, որը կոչվում է Քաղաքացիական պայմանագիր: Նա ընդգծում է, որ դա մի փաստաթուղթ է, որտեղ ներկայացրել է «հանուն Ազատ և Երջանիկ Հայաստանի մղվող պայքարի, դրա խնդիրների, նպատակների և միջոցների մասին պատկերացումներ»:
Նախաբանում Փաշինյանը ցանկություն է հայտնում անդրադառնալ մեկ-երկու նրբերանգի:
«Նախ՝ ևս մեկ անգամ ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ սա նախագիծ է, ինչից բխում է, որ փաստաթուղթը կարող է ենթարկվել փոփոխությունների: Եթե հետաքրքրված քաղաքացիները այն ընթերցելուց հետո կունենան որոշակի առաջարկություններ, հաճույքով կքննարկեմ դրանք, որպես հեղինակ ընդունելու, կամ չընդունելու իրավունքից օգտվելով:
Ընդունելու լինեմ որևէ առաջարկություն, թե ոչ՝ հույս ունեմ, դրանց վերաբերյալ քննարկումն իրականացնել հրապարակային` հասկանալիորեն շարադրելով վերաբերմունքս ամեն առաջարկի վերաբերյալ: Գուցե թե առաջարկություններ չլինեն, լինեն ինչ-որ հարցեր. հաճույքով կպատասխանեմ այդ հարցերին նույնպես, եւ դա կանեմ հրապարակային: Ոմանք գուցե ոչ հարց ունենան, ոչ առաջարկ, բայց փաստաթղթի վերաբերյալ ունենան ինչ-որ դիտարկումներ. հաճույքով կքննարկեմ նաեւ այդ դիտարկումները՝ քննադատական լինեն, թե ոչ: Կարճ ասած` հույս ունեմ, որ փաստաթղթի, հանուն Ազատ և Երջանիկ Հայաստանի մղվող հետագա պայքարի, անելիքների, նպատակների մասին կենդանի քննարկում կծավալվի, որովհետև ի վերջո, սա մի ասելիք է, որ վերաբերվում է բոլորիս», – գրում է ԱԺ պատգամավորը:
Պայմանագրի պարտադիր կետերից է երբևէ չարտագաղթել Հայաստանից. Սփյուռքում բնակվող մարդու միանալը սույն պայմանագրին նշանակում է նրա պարտավորությունը՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում ձեռնարկել Հայաստան մշտական բնակության տեղափոխվելու գործընթաց:
Ըստ պայմանգրի այլ կետերի՝ մասնակիցները պետք է մերժեն բռնությունը, որպես ներհասարակական, անձնային հարցերի կարգավորման եղանակ, ճանաչելով, ինչպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, այնպես էլ հանրության անհրաժեշտ պաշտպանության իրավունքը:
«Պայմանագրի մասնակիցները բռնության ակտ են դիտարկում նաև ընտրությունների կեղծումը, հանցագործության դիտավորյալ չբացահայտումը, խոսքի ազատության, տեղեկություններ տարածելու և ստանալու, հավաքներ անցկացնելու այնպիսի սահմանափակումները, որոնք չեն բխում միջազգային կոնվենցիաներից և հռչակագրերից…
…առանց ժամկետների սահմանափակման` հետամուտ լինել 2008թ. Մարտի 1-ի սպանությունների և Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության ամբողջական, ինչպես նաև հանրային հնչողություն ունեցող բոլոր հանցագործությունների բացահայտմանը:
…առանց ժամկետների սահմանափակման` հետամուտ լինել անկախությունից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրությունների արդյունքների կեղծված լինելու վերաբերյալ հայտարարությունների անաչառ քննությանը», – մասնավորապես, ասում են պայմանագրի կետերը:
Փաշինյանը նշում նաև, որ պայմանագրի մասնակից չեն կարող լինել այն անձինք, ովքեր 2007-2008թթ. Համաժողովրդական շարժումը ուժով ճնշելու գործում ներգրավված են եղել որպես կազմակերպիչ կամ կատարող, 2008 թվականի Մարտի 1-ի դրությամբ Հայաստանում զբաղեցրել են առնվազն նախարարի տեղակալի և սրան համարժեք կամ բարձր պաշտոններ, և պետական հեղաշրջումից հետո ի նշան բողոքի, չեն լքել պաշտոնը, մասնակցություն են ունեցել քաղաքացիական շարժումների մասնակիցների, ակտիվիստների դեմ մեղադրական դատավճիռների կայացմանը:
Նիկոլ Փաշինյանն առաջարկել է թեմային վերաբերող ասելիքը՝ առաջարկներ, հարցեր, դիտարկումներ, ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով:
Պայմանագրին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ: