Վերջին օրերին հրապարակվող սոցիոլոգիական տարբեր հարցումների արդյունքներով՝ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում զբաղեցնելու է երկրորդ տեղը, ասված է «168 ժամ» պարբերականի այսօրվա համարի առաջնորդողում:
«Բնականաբար, բոլոր հարցումներում «անվիճելի առաջատարը» գործող նախագահ Սերժ Սարգսյանն է: Այդ հարցումների արժանահավատությունը քննարկելն անիմաստ ու անլուրջ զբաղմունք է, դրանց, թերևս, նույնիսկ պատվիրատուները` իշխանությունները չեն հավատում: Ավելի հետաքրքիր է, որ իշխանությունը չի կարողանում թաքցնել հատկապես Րաֆֆի Հովհաննիսյանին երկրորդ տեղում տեսնելու սեփական ցանկությունը, որն արտահայտվում է նաև այդ հարցումների հրապարակմամբ: Սա ամենևին չի նշանակում, որ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջադրվել է իշխանությանը լեգիտիմացնելու, այլ հետին նպատակներով, ինչպես պնդում են ընտրություններին չմասնակցող շատ քաղաքական ուժեր: Ավելին` դատելով քարոզարշավի մի քանի օրերից, նա ամենաշատն է երևում` բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով, փողոցներում` անձամբ և վահանակների վրա, հեռուստաեթերում, վարսավիրանոցներում և այլ հանրային վայրերում: Այսինքն` գուցե իսկապես Րաֆֆին իր ճանաչվածությամբ` ոչ միայն երկրորդ, այլ անգամ առաջին տեղում է բոլոր թեկնածուների շարքում: Բայց, անկախ դրանից, ակնհայտ է, որ երկրորդ տեղի ցանկալի թեկնածուն իշխանությունների համար Րաֆֆի Հովհաննիսյանն է: Այլապես նույն սոցիոլոգները նրան կներկայացնեին վերջին հորիզոնականներում, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանի շանսերն էին 4-5 տոկոս գնահատում 2007 թվականի համաժողովրդական շարժման վերելքի օրերին, երբ նա ակնհայտ հաղթող թեկնածու էր: Այն, թե ինչու է Րաֆֆի Հովհաննիսյանն իշխանության համար ավելի նախընտրելի, քան, ասենք, Հրանտ Բագրատյանը, բազմաթիվ բացատրություններ ունի, որոնց անդրադառնալու առիթներ քարոզարշավի ընթացքում դեռ կլինեն: Մինչ այդ կարելի է արձանագրել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի` երկրորդ տեղ զբաղեցնելու դեպքում, ստեղծվելու է, ըստ էության, քաղաքական կազուս: Այն իմաստով, որ խորհրդարանի ամենափոքր խմբակցության ու այդ խմբակցությունում փոքրամասնություն ունեցող գործիչը դառնալու է գործող նախագահի հակակշիռը, այն դեպքում, երբ ԱԺ-ի՝ մեծությամբ երկրորդ խմբակցությունը` ԲՀԿ-ն, ընդհանրապես թեկնածու չի առաջադրել ընտրություններում: Այսինքն` Րաֆֆի Հովհաննիսյանի` երկրորդ տեղ զբաղեցնելու հանգամանքն օբյեկտիվորեն ներքաղաքական վերադասավորումներ է առաջացնելու, որոնք կարող են դրսևորվել ամենատարբեր եղանակներով: Սկսած՝ «Ժառանգության» ծանրակշիռ, ԲՀԿ-ի համեստ մասնակցությամբ նոր կոալիցիայով, վերջացրած՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության կազմաքանդմամբ ու ԲՀԿ-ական պատգամավորներով «Ժառանգությունը» համալրելու հեռանկարով: Բացառված չէ, որ իշխանությունն առաջին հերթին այդ նպատակով է ցանկանում երկրորդ տեղում տեսնել հենց Րաֆֆի Հովհաննիսյանին», – նշված է հոդվածում:
Թերթն ընդգծում է նաև, որ այս համատեքստում Րաֆֆի Հովհաննիսյանի՝ «Միասին հնարավոր է» կարգախոսը բավական հետաքրքիր նրբերանգ է ստանում:
«Գուցե դա ուղղված է ոչ միայն ու ոչ այնքան` քաղաքացիներին, որքան` իշխանությանը: Ներքաղաքական վերադասավորումների իմաստով», – եզրափակում է «168» ժամը: