Այսօր Սուրբ Սարգսի տոնն է, և Սուրբ Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում պատարագ է մատուցվելու, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ:
Այսօր նաև Սուրբ Սարգիս զորավարի մասունքները կբերվեն Սուրբ Սարգիս եկեղեցի:
Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում խոսել է երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի մասին:
«Սուրբ Սարգիսը մեր ժողովրդի համար շատ սիրելի սուրբ է, և, 4-րդ դարում վկայելով Սուրբ երրորդությանը, նա լինում է մեծ զորապետ: Ինքն իր սուրբ արյունը թափեց, որպեսզի վկայի Սուրբ երրորրդությունը, ավելի մեծ փառքի արժանանա՝ դա Տիրոջ սուրբ պսակն է», – ասել է քահանան:
Վերջինս նաև նշել է, որ Մեսրոպ Մաշտոցը հետագայում Պարսկաստանից բերել է Սրբի մասունքները և Աշտարակի շրջանի Ուշի և Կարպի գյուղերի մոտ հիմնել է Սուրբ Սարգիս եկեղեցին, որտեղ և թաղվել են Սրբի մասունքները: 1998 թվականին՝ պեղումների արդյունքում, հաստատվել են այն վկայությունները, որ Սրբի մասունքները այդ տարածքում են թաղվել: Անցյալ տարի Գարեգին Բ-ի օրհնությանբ պատրաստվել է մասնատուփը, ու Սրբի մասունքները տեղավորել են այդ մասնատուփի մեջ:
Խոսելով այն մասին, որ Սուրբ Սարգսի տոնից մեկ օր առաջ երիտասրդները աղի բլիթ են ուտում, որպեսզի երազում տեսնեն իրենց ընտրյալին, քահանան ասել է , որ «եթե մենք հույսը դնենք աղի բլիթների վրա, դա մոլորություն կլինի»:
«Մեր համար շատ կարևոր է՝ սերը Տիրոջ, և փշոտ է այդ ճանապարը, հեշտ ճանապարհը հեշտ էլ կկորցնես, դա մի ամբողջ կյանք է, նվիրում, սրբության ճանապարհ է: Թող զինվեն հավատքով, հույսով և դիմեն Տիրոջ փրկագործությանը»,- ասել է Տեր Բաբկենը:
Մենք նաև զրուցել ենք եկեղեցի մտնող մարդկանց հետ:
Աստղիկ Տեր-Տաճատյանն ասում է, որ ինքը երեկ աղի բլիթ կերել է, բայց երազ չի տեսել: Նա նշել է, որ Սուրբ Սարգսի մասին գիտի, որ Սիրահարների հովանավորն է և այդ ինքը միշտ սիրով նշում է:
Միայն վերջերս Հայաստան վերադարձած երիտասարդ Աբո Բադալյանն ասում է, որ եկել է եկեղեցի, որ մոմ վառի ու իր նպատակներն ու խնդրանքը հասցնի Աստծուն:
«Ունեմ սիրած աղջիկ, աղի բլիթ կերել եմ, բայց երազ չեմ տեսել, ջուրն էլ վեր եմ կացել ես եմ խմել: Հավատում եմ, որ երազանքս կիրականանա»,- ասել է երիտասարդը:
Եկեղեցու մոտ մենք զրուցել ենք նաև սիրիահայ Վիգեն Դոլմողոլյանի հետ, ով արդեն վեց ամիս է, որ գտնվում է Հայաստանում: Նա պատմել է, թե ինչպես այդ տոնը նշում Սիրիայում:
«Սիրիայում Սուրբ Սարգիս տոնից մեկ օր առաջ, գիշերը անկողու մոտ դնում ենք ալյուր և ջուր, առավոտյան արթնանում ես, տեսնում ես՝ ինչ կա: Ես այդպես թեև չեմ արել, բայց մեզ մոտ այդպես անում են: Այսօր գիտեմ, որ Սուրբ Սարգսի տոնն է և եկել եմ եկեղեցի»,- ասել է սիրիահայ երիտասարդը: