Այսօր Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառում էր կազմակերպվել Սիրահարների այգում: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և բազմաթիվ հոգևորականներ: Մինչ այդ Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակից մեկնարկել էր խաչերթ՝ դեպի Սիրահարների այգի:
Հոգևորականների առաջնորդությամբ մասնակից երիտասարդներին ուղեկցում էր Սուրբ Սարգսի կերպարը խորհրդանշող ձիավորը, դրոշակակիրներ և թմբկահարներ:
Տոնական երգ ու պարի ժամանակ Սիրահարների այգու մոտով անցնում էր ՀՀ նախագահի թեկանծու Րաֆֆի Հովհաննիսյանը: Epress.am-ի հարցին, թե արդյոք նա եկել է մասնակցելու տոնական միջոցառմանը, վերջինս պատասխանել է.
«Ես պատահմամբ էի այստեղ, ես գալիս էի գործի Մեծամորի ճամփից, աչքս տեսավ, իջա: Որոշում չկա մասնակցելու»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Այնուհետև նա մտել է այգի, բարևել հավաքվածներին և շնորհավորել Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ: Հովհաննիսյանը նաև մոտեցել է հարթակին, որտեղ կանգնած էին ՀՀ վարչապետը, Երևանի քաղաքապետն ու հոգևորականները, բարևել նրանց ու հեռացել այգուց: