Home / Հայաստան / «Թող ձեր զարգացման ծրագիրը Սերժ Սարգսյանը գրի». Բագրատյանի «անեծքը» ուրիշներին

«Թող ձեր զարգացման ծրագիրը Սերժ Սարգսյանը գրի». Բագրատյանի «անեծքը» ուրիշներին

ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը միակն է, ով չի վախենում ժողողովրդի հետ հանդիպումներին խոսել քաղաքական, տնտեսական ու ժողովրդին հուզող մի շարք թեմաներով: Այս մասին Բագրատյանն ասել է այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Նրա խոսքով՝ մարզերում ժողովուրդը պատրաստ է նման խոսակցությունների ու ակտիվ քննարկումների. ի վերջո բնակչության 72%-ը բարձրագույն կրթություն ունի, պարզապես հաճույքով գնում է նման քննարկումների ու նույնիսկ ավելի՝ ոչ պակաս մակարդակով, քան կարելի է ունենալ Երևանում՝ Ազգային Ժողովում:

Ամփոփելով  քարոզարշավի մեկ շաբաթը՝ Բագրատյանն ասել է, որ նախընտրական քարոզարշավի շրջանակներում որևէ թեկնածու իրավունք չունի խոսել մեկ այլ թեկնածուի մասին:

«Կա մեկ թեկնածու, ով իրեն դիմություն է հայտարարել՝ Սերժ Սարգսյանն է, ու եթե, ասենք, Պողոս Պողոսյանը իրեն հայտարարեր դիմություն, ես իրեն էլ կքննադատեի: Մեր շտաբը միակն է, որ, բացի Սերժ Սարգսյանից ու իշխանությունից, ուրիշ մեկի անուն չի տալիս, իսկ մեր անունն անընդհատ տալիս են, ես դա համարում եմ խառնակչություն», – ասել է թեկնածուն:

Նա նաև ավելացրել է, որ ինքը հեռուստացույցով հետևում է գործող նախագահի քարոզարշավին ու գոհ չէ նրա նախընտրական ծրագրից:

«Աշխարհի տարբեր երկրներում բնակվող ընկերներիս հետ կատակելիս ասում եմ՝ «թող ձեր զարգացման ծրագիրը Սերժ Սարգսյանը գրի»՝ անեծքի պես էլի»: Սերժ Սարգսյանի ծրագիրը կա, բայց որակը սարսափելի է. չկա այնպիսի բան, որ ինքը խոստանում է անել ու որևէ մեկը հնարավորություն չունի գնալ ու ասել՝ «դու էս բանն ասեցիր, արե՞լ ես», չկա էդպիսի բան: Չեմ կարծում, որ որևէ երկրի նախագահ ուզենա՝ իր երկրի ժողովուրդը վատ ապրի. ուղղակի չկա ցանակություն որևէ բան փոխելու, օլիգարխիան շատանալու  է, զարգացում չի լինելու, երկիրը չի աճելու», -նշել է բանախոսը:

Բագրատյանը խոսել է նաև նախագահական ընտրությունների վերաբերյալ իրականացվող սոցհարցումների մասին՝ ընդգծելով, որ «հիացած է», մասնավորապես, «Սոցիոմետր», «Գելափ», «Հայաստանը Եվրոպայի բարեկամն է» ընկերությունների սոցիոլոգներով:

«Խայտառակություն եմ համարում, Հայաստանի սոցիոլոգիան շատ ինքնատիպ է ու ինֆորմացիայի փոխարեն նաև դեզինֆորմացիա է վաճառում: Իրականում կարծում եմ, որ գործ ունենք քրեական հանցագործների հետ: Պահանջում եմ հարցում անել ու պարզել ՝ովքեր են կանգնած այդ սոցիոլոգների հետևում», – նշել է Բագրատյանը:

Նախկին վարչապետը խոսել է նախագահի մեկ այլ թեկնածու՝ Անդրիաս Ղուկասյանի մասին ու հորդորել է նրան թողնել հացադուլը:

«Հիանալի կարծիք ունեմ Անդրիասի մարդկային որակների մասին, բայց վերջապես հասկանալ է պետք՝ քաղաքական դաշտը պետք է թողնել քաղաքական գործիչների կամ պետք է դառնալ քաղաքական գործիչ: Այդ դեպքում պետք է հասկանալ՝ ո՞վ է այդ մարդը, ոչ թե որպես մարդ, տեսակ, այլ որպես քաղաքական գործիչ… Մեծ հաշվով նման քայլերը օգնում են միայն իշխանություններին, ու քաղաքական դաշտը խառնվում է: Կներեք՝գուցե մյուս թեկնածուները զորակցում են ու այլ կերպ են նայում, իմ պատասխանը գուցե չոր թվա՝ ես դա համարում եմ սխալ, ու նման քայլը ճնշում է մեզ վրա ու օգնություն է քաղաքական ռեժիմին»,- ասել է Բագրատյանը: