Գործող նախագահ, ՀՀԿ-ի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական տեսահոլովակներից մեկը նվիրված է «Լույս» հիմնադրամին և ներկայացնում է այն որպես Հայաստանի կարևոր ձեռքբերումներից մեկը: Տեսահոլովակը կազմված է Սերժ Սարգսյանի և «Լույս»-ի շրջանավարտների հետ հանդիպումների կադրերից, շրջանավարտներից մի քանիսի հետ հարցազրույցներից:
«Միայն գիտակ, տեղեկացված հայը կարող է դիմագրավել աշխարհի մարտահրավերներին, իր կրթությամբ դառնալ նոր աշխարհակարգի ճարտարապետը, իր հայացքով երկիրը տանել դեպի ապահով Հայաստան: Մեկնարկը տրված է»,- ասվում է նախընտրական հոլովակում:
Որպես «Լույսի» դրական կողմ է նշվում այն, որ շրջանավարտներին չի պարտադրվում վերադառնալ Հայաստան և իրենց ձեռք բերած գիտելիքները ներդնել պետության զարգացման գործում:
«Լույսի» շահարկումը գործող նախագահի նախընտրական արշավում բացասական գնահատական է ստացել «Լույս»-ի ֆինանսավորմամբ կրթություն ստացած բազում ուսանողների կողմից:
Նրանցից մի քանիսը հիմնադրամի ֆեյսբուքյան էջում գրում են, որ անթույլատրելի են համարում ապաքաղաքական կազմակերպություն օգտագործումը այս կամ այն քաղաքական նպատակներով:
«Հայտնվիր Հայլուրի տեսախցիկում ու դու կդառնաս Սերժի ռոլիկի հերոսը: Գնահատելով Լույսի ներդրումը իմ մասնագիտական զարգացման գործում` ես չեմ կարող հանդուրժել էս հոլովակը: Սա դեմ է էթիկայի նորմերին և խախտում է իմ իրավունքները: Ես որևէ մեկին իրավունք չեմ վերապահել իմ մասին տեղեկատվությունն օգտագործել քաղաքական նպատակներով, իսկ այս հոլովակում ցանկացած նախադասություն նաև իմ մասին է»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է Լույսի շրջանավարտ Սարգիս Խանդանյանը:
«Լույսի» շրջանավարտներից մեկը նույնիսկ կոչ է արել հեռացնել այս տեսահոլովակը և արգելել դրա շահարկումը, քանի որ տարածելուց առաջ հոլովակում ներկա բոլոր ուսանողներին չեն հարցրել՝ համաձայն են արդյոք Սերժ Սարգսյանի նախընտրական հոլովակում երևալ: