Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ անհրաժեշտ է հրապարակել Հայաստանից բացակայող քաղաքացիների ցուցակները, ովքեր, ի խախտումն ՀՀ Սահմանադրության, զրկված են ընտրելու իրենց իրավունքի իրացման հնարավորությունից: Այս մասին ասված է ՀՀ նախագահի երեք թեկնածուների՝ Հրանտ Բագրատյանի, Պարույր Հայրիկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի համատեղ հայտարարության մեջ:
«Մենք գտնում ենք, որ վերջին մեկ տարում ավելի քան 180 օր երկրից բացակայած, բայց ընտրացուցակներում ընդգրկված ՀՀ քաղաքացիների ցանկը ընտրատեղամասերում պետք է կախված լինի հիմնական ցուցակներից առանձին՝ նպատակ ունենալով բացառել երկրից բացակայող քաղաքացիների փոխարեն քվեարկելու դեպքերը:
Բոլոր թեկնածուները՝ ներառյալ գործող նախագահը, պետք է պարտավորություն ստանձնեն (և ոչ թե խոսքով, այլ գործնականում իրագործեն) բացառել իրենց վարչական ռեսուրսի օգտագործումը, այդ թվում՝ բյուջետային ոլորտի աշխատակիցների՝ ուսուցիչների, բժիշկների, զինծառայողների նկատմամբ վարչական ճնշումը, ոստիկանների, անվտանգության ուժերի, բանակի օգտագործումը ընտրական գործընթացներում։ Պետք է բացառել որևէ եղանակով վախի մթնլորոտ ստեղծելու և մանավանդ պետական համակարգում աշխատանքի ընդգրկված քաղաքացիների ահաբեկելու արատավոր գործելակերպը», – նշում են թեկնածուները:
Ըստ հայտարարության հեղինակների՝ ցանկացած ընտրական զեղծարարություն կամ խախտման նմանատիպ փաստ իրենց կողմից կդիտարկվի որպես հակասահմանադրական գործողություն։
«Հարգելով մեր գործընկեր քաղաքական գործիչների և ուժերի ընտրություններին չմասնակցելու կոչերը, մենք` ՀՀ նախագահի թեկնածուներս, միաժամանակ մեր պարտքն ենք համարում հայտնել մեր համոզվածությունն առ այն, որ միայն հետևողական աշխատանքի և գործուն պայքարի միջոցով է հնարավոր մեր Հայրենիքում փոխել ստեղծված իրավիճակը: Եվ ուրեմն կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին վճառականօրեն մասնակցել փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին», – եզրափակում են նախագահի երեք թեկնածուները: