Նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը 3-օրյա հացադուլի է նստելու ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հետ միասին: Epress.am-ի հետ զրույցում նա ասել է, որ դա անում է ի աջակցություն Ղուկասյանի: Հարությունյանը դժվարացել է ասել՝ արդյոք իր քայլը կարող է նոր քաղաքացիական շարժման սկիզբ հանդիսանալ՝ նշելով, որ ինքն ընդամենը տեսնում է, թե ինչ է անում Ղուկասյանն ու փորձում է սատարել նրան որպես անհատ:
Շանթ Հարությունյանի խոսքով՝ ինքն իր հեղափոխությունը սկսելու է տարվա վերջին: Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը 2008-2009 թվականներին անցնում էր աղմկահարույց «7-ի գործով»: 2008 թվականի մարտի 1-ից հետո ձերբակալվել էին ընդդիմության հավաքներին մասնակցող տասնյակ մարդիկ, որոնցից 7-ի գործը՝ Ալեքսանդր Արզումանյան, Մյասնիկ Մալխասյան, Հակոբ Հակոբյան, Սուրեն Սիրունյան, Շանթ Հարությունյան, Գրիգոր Ոսկերչյան և Սասուն Միքայելյան, քննվում էր միասին: Հետագայում գործը բաժանվել է մասերի: Շանթ Հարությունյանի նկատմամբ քրեական գործը, համաձայն որի նա մեղադրվում էր զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, կարճվել էր և նա ազատ էր արձակվել, քանի որ ՀՀ առողջապահության նախարարության փորձագետները հայտարարել էին, որ «հանցագործության պահին նա անմեղսունակ է եղել»: Բանտից դուրս գալուց հետո Հարությունյանը հայտարարել էր, որ եթե ազատության համար պայքարողին իշխանությունները գիժ են անվանում, ուրեմն «թող ամբողջ աշխարհն իմանա՝ ես գիժ եմ»: