Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը Եռաբլուրում իրեն մոտեցած կնոջը հորդորել է «տոնը չխանգարել» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սերժ Սարգսյանը Եռաբլուրում իրեն մոտեցած կնոջը հորդորել է «տոնը չխանգարել» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր՝ Հայոց բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի օրը, Եռաբլուրն պանթեոն այցելած ՀՀ նախագահ, ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին մի կին է մոտեցել և խնդրել է օգնել՝ ասելով, որ ապրում է ծայրահեղ ծանր պայմաններում, նրա մի որդին հիվանդ է, իսկ մյուսը երեք տարի առաջ մահացել է դեղերի թունավորումից: Նախագահի և կնոջ զրույցի տեսանյութը տեղադրել է «Գալա» հեռուստաընկերությունը: Տեսանյութում լսվում է, թե ինչպես է Սերժ Սարգսյանը հարցնում կնոջը՝ արդյոք իր որդին զոհվել է: Երբ կինը պատասխանում է, որ իր երեխան հիվանդ է, Սերժ Սարգսյանն արձագանքում է. «Բա հիվանդ երեխա է, եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես»:

Այդ պահին զրույցին միջամտում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով կնոջը հայտարարել է. «Պարո՛ն նախագահ, ինքը սուտ ա խոսում»: Ալեոսանյանն ասել է, որ ինքը կնոջը աշխատանք է առաջարկել, սակայն վերջինս չի համաձայնել:

«Գալա» հեռուստաընկերությունը նաև նշում է, որ զոհված զինծառայողների հարազատներին անգամ մեքենաներով չէին թողնում բարձրանալ Եռաբլուր, և նրանցից մի քանիսն այնքան էին հուզվել, որ չեն կարողացել զսպել իրենց արցունքները: Ոստիկանները զոհված զինծառայողների հարազատներին, որդեկորույս մայրերին հայտնել էին, որ պետք է ոտքով անցնեն ճանապարհը: